haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

03/03/2015 Աբստրակտ լուսանկարների ցուցադրություն Երևանում

ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մարտի 3-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցադրությունը:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր նկարիչ, դիզայներ, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սարո Կալենցը, արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, արվեստաբան Մարինա Ստեփանյանը և այլոք:

Ցուցահանդեսին բացման խոսքով հադես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գաբրիել Փանոսյանը «Արի տուն» ծրագրի միջոցով է եկել հայրենիք և արդեն 10 տարի ապրում և ստեղծագործում է հայրենիքում: «Նա այս  տարիների ընթացքում կարողացել է Լիբանանի շունչն ու ոգին բերել և ներկայացնել Հայաստանում: Նա նկարում է այն ամենը ինչ կատարվում է Հայաստանում և ինչն ինքը նկատում է»,-նշեց Հ. Հակոբյանը: 

Արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանն էլ նշեց, որ Գաբրիել Փանոսյանի գործերին ծանոթ է դեռևս Բեյրութից: Արվեստաբանի խոսքով Գաբրիելն իր արվեստով մեր ազգը ներկայացնում է արվեստի նոր ու յուրահատուկ մակարդակում: 

Իր հերթին Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր նկարիչ Սարո Կալենցը նշեց, որ լուսանկարչի ստեղծագործությունները ֆուտուրիստական են, ոչ թե վերացական, նրա մոտ առկա է շարժման գաղափարը: 

Այնուհետև ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոն ևս խոսեց ցուցահանդեսի և լուսանկարների  մասին: «Ուրախ եմ, որ ներկա եմ գտնվում այս միջոցառմանը: Գաբրել Փանոսյանը արտիստ է, ով կարողանում է ցույց տալ լիբանանահայերի ստեղծագործ միտքը: Իմ կարծիքով նրա ստեղծագործությունները երևակայություն են: Այս նկարներւմ ես տեսնում եմ Աստծուն, Հայաստանը, Լիբանանը և մարդկությանը»,- նշեց դեսպանը:

Նշենք նաև, որ ցուցահանդեսը ինտերակտիվ բնույթ էր կրում: Նկարները վերնագրված չէին: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեին վերնագրելու յուրաքանչյուր նկար: Իսկ հետագայում նկարների անվանումները` որոշված հանդիսատեսի կողմից, կնշվեն նկարների վրա: 

Ցուցահանդեսի վերջում լուսանկարների հեղինակը իր երախտիքի խոսքը հայտնեց ներկաներին իրեն աջակցելու և իրենց ներկայությամբ պատվելու համար: «Նախկինում ես ուրիշների համար եմ կազմակերպել նման միջոցառումներ: Սա առաջին միջոցառումն է, որ ես անում եմ ինձ համար: Պետք է ասեմ, որ թեև Լիբանանն ինձ համար հայրենիք է, սակայն ափսոսում եմ, որ Հայաստանում չեմ ծնվել»,-նշեց հեղինակը:

Օգտագործող Գաղտնաբառ