haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 3/09/1889 - Մահացել է՝ 14/10/1967

Կենսագրությունը

ԶՈՐՅԱՆ (Առաքելյան) Ստեփան Եղիայի [3(15).9.1889, ք. Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) – 14.10.1967, Երևան], գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965): Լ.Ս. Զորյանի հայրը: Ավարտել է Ղարաքիլիսայի ռուսական դպրոցը (1904): 1906ին տեղափոխվել է Թիֆլիս: 1909–11ին աշխատել է «Սուրհանդակ», 1912–19ին՝ «Մշակ» թերթերի խմբագրություններում: 1919ին վերադարձել է Հայաստան, 1919–20ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում, 1922–25ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմատի հրատարակչության գլխավոր խմբագիր, 1950–54ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար:

1918ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների ժողովածուն, որը կյանքի ու մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ նոր որակ էր հայ գրականության մեջ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
   Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն պատահական քամուց: 

   «Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ.... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:

Գործունեությունը

Սոցիալական չարիքի պատկերման առումով Զորյանի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917, համանուն կինոնկար՝ 1985, Հայֆիլմ): «Պա-տերազմ» (1925) ժողովածույում զետեղված պատմվածքներում [«Պատերազմ», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» (համանուն կինոնկար՝ 1968, Հայֆիլմ)] անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին: «Հեղկոմի նախագահը» (1926, համանուն կինոնկար՝ 1977, Հայֆիլմ), «Գրադարանի աղջիկը» (1926) վիպակներում և «Ամիրյանի ընտանիքը» (1921, հրտ.՝ 1963) վեպում պատկերել է XX դ. 20-ական թթ. բարդ ու հակասական իրադրությունը:

Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին ստեղծել է թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներ («Պարզ հոգիներ», 1945, ժող.): 1944-ին լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը, որտեղ Զորյանը Պապին ներկայացրել է որպես պետական և քաղաքական նշանավոր գործիչ: Այնուհետև հրատարակվել են «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967) պատմավեպերը: Պատմավեպերում Հայաստանի IV դ. քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծմամբ  Զորյանը հաստատում է պետականության կարևոր դերը՝ որպես ժողովրդի գոյության գլխավոր նախադրյալ:

Զորյանը ստեղծագործել է նաև մանուկների և պատանիների համար («Խուժան Արշոն», 1928, «Չալանկը», 1930, «Մի գիշեր անտառում», 1931, «Սև Սեթոն», 1935, պատմվածքներ, «Հեքիաթներ», 1941 և այլն): Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» (գիրք 1–2, 1935–39) վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագ-րությունն է:

Զորյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունի «Հուշերի գիրքը» (1958), որտեղ տրված են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլոց վավերագրական դիմանկարները: Զորյանը հեղինակ է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածների:

ԽՍՀՄ (1954–58, 1958–62, 1966–67) և ՀԽՍՀ (1963–67) ԳԽ պատգմ.:

ՀԳՄ 1980ին սահմանել է Զորյանի անվան լավագույն թարգմանության համար ամենամյա և 1983ին՝ մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակներ: Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը:

ԽՍՀՄ (1954–58, 1958–62, 1966–67) և ՀԽՍՀ (1963–67) ԳԽ պատգամավոր:
Երկեր՝ Երկերի ժողովածու, հ. 1–12, Ե., 1977–90:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Ստեփան Զորյանի մասին.
«Ստ. Զորյանը, արդարև, ժողովրդի կյանքում տեղի ունեցած կերպարանափոխությունների ու նրա պատմական ճակատագրի տարեգրին է: Դրանով էլ նրա ստեղծագործությունն արժանացել է համաժողովրդական ճանաչման»  /Ա. Աղաբաբյան/        

«Բոլորովին այլ են Զորյանի «տխուր» մարդիկ: Նրանք ոչ թե վերընթացի, այլ վարընթացի մարդիկ են: Կապիտալիզմի ջրաղացպանը կամ անդառնալիորեն մանրացրել է նրանց, կամ աղճատել, այլանդակել, երկու դեպքում էլ նետել կյանքի վերջին շարքերը»   /Խ. Սարգսյան/                            

«Ստ. Զորյանի արվեստը պարզ է ու բնական, ինչպես ինքը՝ բնությունը: Հիրավի նա պարզ հոգիների երգիչ է: Նա արտակարգ ձիրք ունի հասարակ մարդկանց հոգու գեղեցկություններն ճանաչելու և ճշմարտացիորեն արտացոլել »  /Ա. Գրաշի/       

  «Այս գրքում ես զգում եմ մեր ազգային գրականության և Եվրոպական գրական ձևերի հակադրությունը, մի բան, որ մինչև այժմ մենք չունեինք: Հայկական արձակում ազգային ձևի սկզբնավորողը եղավ Աբովյանը, շարունակությունը գյուղագիրները, իսկ եվրոպական ձևին հիմք դրեց Շիրվանզադեն: Այդ երկու ձևերի համադրությունը առաջին անգամ տեսնում ենք այս փոքրիկ գրքույկում»  /Դ. Դեմիրճյան/                                 

Նկարները
Տեսանյութերը

Ստեփան Զորյան

Խնձորի այգու տոնը ...

Օգտագործող Գաղտնաբառ