haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 12/9/1870 - Մահացել է՝ 22/1/1936

Կենսագրությունը

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Եղիշե Մարտիրոսի [12 (24).9. 1870, Վաղարշապատ – 22.1.1936, Թբիլիսի, թաղված է Երևանում], նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Վրաստանի գեղանկարչության ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից: Սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879–81), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881–85), գեղանկարչական  քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885– 1894): 1894–95-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Մոսկվայում մասնակցել ցուցահանդեսների: 1901-ից բնակվել է Թիֆլիսում: 1916-ին աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում (1919, 1921), գործակցել Թիֆլիսի Հայարտանը:

Լինելով հիմնականում երփնագրող՝ Թադևոսյանի տաղանդը դրսևորվել է նաև գրաֆիկայի, կիրառական արվեստի, խճանկարի, մանրաքանդակի բնագավառներում, հեղինակ է թատերական ձևավորումների (Սոֆոկլեսի «Անտիգոնե», 1907, Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա», 1927 և այլն): Թադևոսյանի գործերն աչքի են ընկնում խոր գունազգացողությամբ, ամուր գծան-կարով, դասական ավանդույթներով («Ռ. Սուրենյանցի դիմանկարը», 1891 և այլն):
Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է»:

Գործունեությունը

1900-ական թթ. սկզբին Թադևոսյանն առաջինն է կիրառել իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսաօդային միջոցներ («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909): Նա նախընտրել է աշխարհի իրապաշտպանական ճանաչողությունը, չսահմանափակվելով սոսկ տպավորությունների վերարտադրությամբ՝ երբեմն հարել սիմվոլիստական մտայնությանը («Իմ անուրջներից մեկը», 1905 և այլն): Արժեքավոր են թարմաշունչ ու քնարական բնապատկերները («Արագած», 1917, «Արարատ», 1934), ինչպես և բազմաթիվ էտյուդները: Դիմանկարչության բնագավառում դրսևորված վարպետությանն ավելի ուշ գումարվել է հոգեբանական խորությունը («Ալեքսանդր Շիրվանզադե», 1929, «Հովհաննես Թումանյան», 1933, «Ինքնանկար», 1933): Թեմատիկ դիմապատկերի նշանավոր գործ է Թադևոսյանի վերջին կտավը՝ «Կոմիտասը» (1935): Մի շարք գործերում նա վերարտադրել է հայկական կոտորածների ու պանդխտության հետ կապված դրվագներ («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896), անդրադարձել իր ժողովրդի վաղ անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», 1910, «Տորք Անգեղ», 1910, «Արշակ և Փառանձեմ», 1921), երբեմն հարել հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին («Ջան գյուլում», 1907, «Ասլան աղա», 1912): Մինչև 1920-ական թթ. դիմել է նաև կրոնական սյուժեների («Սիսարայի մահը», 1893, «Քարոզ ուղղադավաններին», 1896, «Տիրամայր», 1917): Ուշագրավ են Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» (1909), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919) գործերը: Թադևոսյանի գործերից պահվում են ՀԱՊ-ում (նաև Էջմիածնի մասնաճյուղում), ԳԱԹ-ում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա), Վ.Դ. Պոլենովի թանգարանում (Պոլենովո, ՌԴ Տուլայի մարզ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Եղիշե Թադևոսյանի մասին.
«...Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան:  Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների  մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական...»:/Մարտիրոս Սարյան/

Տեսանյութերը

Մեր մեծերը - Եղիշե Թադևոսյան ...

Եղիշե Թադեւոսյան

Օգտագործող Գաղտնաբառ