haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է՝ 18/03/1864 - Մահացել է՝ 01/03/1934

Կենսագրությունը

ԹՈՐԱՄԱՆՅԱՆ Թորոս Հարությունի (18.3. 1864, Շապին-Գարահիսար – 1.3.1934, Երևան), ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտության ուսումնասիրության հիմնադիրը: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933): Սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստական վարժարանի ճարտարապետության բաժնում (1888–93): Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ: 1895-ին մեկնել է Բուլղարիա, 1900-ին տեղափոխվել  Ռումինիա: Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902-ին՝ Փարիզում, 1903-ին (բանասեր Կ. Բասմաջյանի հետ)՝ Անիում՝ ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1904-ի գարնանից Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, 1905-ին ավարտել Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին» (1905)՝ հիմք դրել հայկական ճարտարապետության գիտական գրականությանը: 1904–12-ին Անիում մասնակցել է Ն. Մառի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է հուշարձանները, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի աշխատությունները («Էջմիածնի տաճարը», 1909, ռուսերեն, 1910, հայերեն, «Տեկորի տաճարը», 1911 և այլն), ըստ 1912-ի Կայսերական հնագիտական հանձնաժողովի, համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ առաջ են բերել հեղաշրջում: Եվրոպական գիտությունը, որը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը, շնորհիվ Թորամանյանի աշխատությունների՝ ճանաչել է հայ հին ճարտարապետության գոյությունը: 1913-ին Թորամանյանը մասնակցել է Վիեննայի համալսարանի գիտական նստաշրջանին և արվեստի լավագույն աշխատանքի համար արժանացել գլխավոր մրցանակին: Նրա ուղարկած 1000-ից ավելի գծագրերի ուսումնասիրու-թյունների (նաև անտիպ) և այլ նյութերի հիման վրա Յո. Ստրժիգովսկին Վիեննայում 1918-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը՝ առաջաբանում նշելով Թորամանյանի մասնակցությունը: 1914–18-ին կորսված (նաև Վիեննայում) հրատարակության պատրաստ Թորամանյանի 10-ից ավելի աշխատություններն ու մեծաթիվ այլ նյութեր հնարավորինս վերականգնվել են «Նյութեր հայկական ճարտարա-պետության պատմության» (կազմ.՝ Կ. Ղաֆադարյան, [հ.] 1–2, Ե., 1942–48) գրքում: Արևելյան Հայաստանի սահմանափակ տարածքի նյութերով Թորամանյանը կարողացել է հայտնագործել հայ ճարտարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները, ոճային ամբողջականությունը՝ հայկական ճարտարապետությանը բերելով միջազգային ճանաչում: Նրա գործերը սկզբնաղբյուր են դարձել ուսումնասիրողների համար: ՀՀ ԳԱ 1969-ին սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին:

  Երկ. Նամակներ (կազմ.՝ Ն. Թորամանյան), Ե., 1968:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Թորոս Թորամանյանի մասին.   
 «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետական հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին»: /Նիկողայոս Մառ/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ