ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)
Ծնվել է՝ 24/05/1903 - Մահացել է՝ 01/05/1978
Կենսագրությունը
ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի (Իլյիչ) [24.5(6.6). 1903, Թիֆլիս – 1.5.1978, Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963), Ադրբեջան ԽՍՀ (1973) ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտությունների դոկտոր (1965): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973): Ս.Ե. Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1934) և ասպիրանտուրան (1936): 1957-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար: 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտության մանկավարժական ինստիտուտում (պրոֆ.՝ 1952-ից): Խաչատրյանը XX դ. մեծագույն կոմպոզիտորներից է, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչման արժանացրել հայ ազգային երաժշտարվեստը: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովրդական երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի (1929), «Պոեմ» (1929), «Տոկկատ» (1932)՝ դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիա նվագախմբի համար (1933):
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Գործունեությունը
Խաչատրյանի 1930-ական թթ. ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվեստի զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտարվեստի, հատկապես ռուսական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայկական երաժշտության մշակույթի ակունքներից: Խաչատրյանի արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործական ավանդույթների, հատկապես հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտությանը: Լայնորեն օգտագործելով ժողովրդական երաժշտության ռիթմաինտոնացիոն հզոր էներգիան՝ նա սիմֆոնիկացրել է հայ ժողովրդական երաժշտությունը: Դրանում է Խանջյանի ստեղծագործության նորարարության էությունը համաշխարհային երաժշտության պատմության մեջ: Խաչատրյանը հարստացրել է հայ երաժշտությունը նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները:
Տեսանյութերը
Հայը - Արամ Խաչատրյան...
Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագ...
Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան Գարուն Երեվան...
Դավիթ Օիստրախ - Արամ Խաչատրյան Ջ...
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏ...
Այլ հղումները
- Նամակներ (1928–1978), Ե., 1983:
- Նամակներ, Ե., 2003:
- О музыке, музыкантах, о себе, Е., 1980;
- Статьи и воспоминания, М., 1980;
- Страницы жизни и творчества, М., 1982.
- Խուբով Գ., Արամ Խաչատրյան, Ե., 1977:
- Հարությունյան Մ., Արամ Խաչատրյան, Ե., 1981:
- Տիգրանյան Գ., Արամ Խաչատրյան, Ե., 1983:
- Կարախանյան Ե., Արամ Խաչատրյանն իմ հուշերում, Ե., 2003:
- Шнеерсон Г., Арам Хачатурян, М., 1958;
- Хараджанян Р., Фортепианное творчество Арама Хачатуряна, Е., 1973;
- Юзефович В., Арам Хачатурян, М., 1990.
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան