Կենսագրությունը
ՂԱՓԼԱՆՅԱՆ Հրաչյա Մկրտչի [14.11.1923, գ. Գարգառ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) – 14.8.1988, Երևան], ռեժիսոր, դերասան: Է.Ս. Վարդանյանի ամուսինը: ՀՀ (1966), ԽՍՀՄ (1973) ժողովրդական արտիստ: Ավարտել է ԵԹՈՒ (1940), վերապատրաստվել ՄԳԹ-ում (1952–53):
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"Գործունեությունը
1935–38-ին՝ Լենինականի թատրոնի դերասան, 1938–52-ին՝ ԵՊՀԹ դերասան և ռեժիսոր, 1953–58ին՝ գլխավոր ռեժիսոր, 1960–62-ին՝ նաև տնօրեն (1958–60-ին, միաժամանակ՝ Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր), 1962–65-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1969–77-ին և 1980–85-ին՝ ԵԴԹ գեղարվեստական ղեկավար և տնօրեն (1973–75-ին՝ նաև Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն), 1977–79-ին և 1985–88-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1965-ից՝ ՀԹԸ (1987-ից՝ ՀԹԳՄ) նախագահ: 1975–88-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆեսոր՝ 1986-ից): 1965-ին ՀԹԸ-ին կից Ղափլանյանը կազմակերպել է ստուդիա-թատրոն (1969-ից՝ ԵԴԹ, 1990-ից՝ Ղափլանյանի անվ.): Դերերից են՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Վանյա (Կատաևի «Գնդի որդին»), բեմադրություններից՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (1955), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1972), «Կորիոլան» (1978, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1981), «Արբատի զավակները» (ըստ Ռիբակովի, 1988) և այլն: