haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 12/11/1895 - Մահացել է՝ 6/11/1961

Կենսագրությունը

ՆԵՐՍԻՍՅԱՆ Հրաչյա Ներսեսի [12(24).11.1895, Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում) – 6.11. 1961, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], դերասան: ՀԽՍՀ (1939), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Լ. Հ. Ներսիսյանի հայրը: Սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն–Բարբ, ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, Էսայան վարժարանում: Կոստանդնուպոլսում մասնակցել է Ա. Խ. Պենկլյանի և Հայ դրամատիկ խմբերի ներկայացումներին: 1922-ին հայրենադարձել է: 1923-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) դերասան:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ներսիսյանի վարպետությունն ու տաղանդը 1920-ական թթ. նշանավորվել են Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր»), Հայնրիխի (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Բերսենևի (Լավրենյովի «Բեկում»), Ֆալստաֆի, Օթելլոյի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Էլիզբարյանի (Շիրվանզադեի «Պատվի համար», վերջին երկուսը Մոսկվայում արժանացել են բարձր գնահատականի) անձնավորումներով: Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական և դրամատիկական, կատակերգական և գրոտեսկական դերերը: Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանը բնական ու համոզիչ էր և՛ ազգային, և՛ ռուսական., և՛ արմատական դասական խաղացանկում:

Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով և հուզիչ գրավչությամբ Ներսիսյանը արժանացել է համաժողովրդական ճանաչման:

Լավագույն դերերից են նաև՝ Անհայտ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիր (Շեքսպիրի «Լիր արքա»), Պաղտասար աղբար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Մեք Գրեգոր (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և այլն: Լինելով վերապրումի դպրոցի դերասան՝ իր անձնավորումներին հաղորդել է հուզական խոր բովանդակություն, որոնել, գտել է հերոսի մեջ կարեկցանքի արժանին: Նկարահանվել է կինոյում («Նամուս», 1925, «Պեպո», 1935, «Զանգեզուր», 1938, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941, «Դավիթ Բեկ», 1944, «Պատվի համար», 1956, «Տժվժիկ», 1961, և այլն):

Ներսիսյանի անունով փողոց է կոչվել Երևանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հրաչյա Ներսիսյանի մասին.
«Նրա (Հ. Ներսիսյանի) տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից: Նա մեծ արտիստ էր»:/Վահրամ Փափազյան/

«Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»:/Մարտիրոս Սարյան/

Նկարները
Տեսանյութերը

Տժվժիկ

Դիմանկար: Հրաչյա Ներսիսյան...

Պեպո

Օգտագործող Գաղտնաբառ