haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Գրող , Դրամատուրգ

Ծնվել է՝ 07/04/1858 - Մահացել է՝ 07/08/1935

Կենսագրությունը

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, 7.4.1858, Շամախի – 7.8.1935, Կիսլովոդսկ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), գրող, դրամատուրգ: Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930): Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործիչ: Սովորել է Շամախու հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում, ապա ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու՝ աշխատելու: 1883-ին տեղափոխվել է Թիֆլիս: Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, որոնցում տպագրվել են Շիրվանզադեի «Հրդեհ նավթագործարանում» (1883) պատմվածքը, «Գործակատարի յիշատակարանից» (1893), «Խնամատար» (1884) վիպակները, «Ֆաթման եւ Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» նորավեպերը, «Նամուս» (1885), «Արամբին» (1888), «Զուր յոյսեր» վեպերը:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.

 «Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի»:

   «...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլիներ ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է»:

   «Գրողն ինքը և՜ ուսուցիչ է, և՜ քննադատ: Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի»:

Գործունեությունը

«Իմ կրիտիկոսներին» հոդվածում Շիրվանզադեն տվել է ռեալիզմի բնութագիրը, քննադատել իրականության արտացոլման լուսանկարչական եղանակը, կարևորել երևույթների ընդհանրացումն ու տիպականացումը: Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է XIX դ. վերջի – XX դ. սկզբի հաս-քաղաքական բուռն իրադարձությունների տարիներին [«Արսէն Դիմաքսեան», 1893, վեպ, «Ցաւագարը» («Չար ոգի»), 1894, «Մելանիա», 1899, «Արտիստը», 1901, վիպակներ, «Կործանուածը», 1909, «Արհաւիրքի օրերին», 1917, դրամաներ]: 1898-ին լույս է տեսել Շիրվանզադեի «Քաոս» վեպը, որ հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Շիրվանզադեն պատկերել է արդյունաբերական քաղաքը, ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների հաստատումը, բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ: 1898-ին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա: Շիրվանզադեն գրել է գրական լեզվով, մերժել բարբառները, կերպարների տիպականացման համար դիմել է հատկապես հոգեբանական վերլուծությանը: 1905-ին մեկնել է Փարիզ: Բացառիկ է Շիրվանզադեի դերը հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Ստեղծել է կենցաղային, սոցիալ-հոգեբանական դրամաներ և կատակերգություններ («Իշխանուհի», 1891, «Եւգինէ», 1903, «Պատուի համար», 1905, «Շառլատանը», 1912, «Մորգանի խնամին», 1930): 1926-ին վերադարձել է հայրենիք: Հեղինակ է նաև բազմաթիվ հոդվածների և հուշագրությունների («Կյանքի բովից», 1926–32):

  Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս» (1925), «Չար ոգի» (1927), «Պատվի համար» (1956), «Քաոս» (1972) կինոնկարները: Երևանում Շիրվանզադեի անունով են կոչվել դպրոց, փողոց, Կապանում՝ թատրոն:
Երկ. ժող., հ. 1–4, Թ., 1903–12:

ԵԼԺ, հ. 1–8, Ե., 1929–34:

 ԵԼԺ, հ. 1–9, Ե., 1950–55:

 Երկ. ժող., հ. 1–10, Ե., 1958–62:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Ալեքսանդր Շիրվանզադեի մասին.
Իրար երբեք չենք սիրել: Մենք հակապատկերներ էինք: Կյանքում պատահում է, որ բնավորությամբ տարբեր մարդիկ մտերմանում են: Ես ու Շիրվանը ոչ թե տարբեր էինք, այլ իրար հակառակ: Իսկ հակասական գծերը միմյանց ժխտելու, բացասելու են հանգում վերջապես: Երբ նրանից հեռու եմ եղել, միշտ մտածել եմ` հնարավոր է հետը բարեկամություն անել, բայց հանդիպման ամեն մի առիթ հակառակն է ապացուցել: Ինքնավստահություն ուներ, բոլորին վերևից էր նայում. դա էլ մարդկանց վանում էր նրանից: Որպես գրող` բարձր է աչքիս: Լեզվից աղքատ է, մի քիչ էլ թափթփված, նրբությունների մեջ թափանցելու գլուխ չունի, բայց ստույգ է և ճիշտ: Ինչ որ ասում է, անմիջապես տեսնում եմ: Սիրում էր դատողություններ անել, մտքեր հայտնել, բայց մտածող չէր: Գուցե այն պատճառով, որ փիլիսոփայական հոսանքներին ծանոթ չէր: Ծանոթ էլ լիներ` էլի այդպիսին կլիներ: Շատ լավ հեղինակ է. իսկական եվրոպական տիպի գրող: «Քաոսի» մեջ անզուգական էջեր կան, բայց ես ամենից շատ սիրեցի «Արտիստը»: Ո՞վ չէր ուզենա այդպիսի գրվածքի հեղինակ լինել: /Ա. Իսահակյան/
Շիրվանզադեն մեծ խնդիրներ է դնում, ընդգրկումը լայն է, մասշտաբը` մեծ, հետո թափ ունի: Բայց չունի Նար-Դոսի գրական կուլտուրան, լեզվի խնամքը, հոգեբանական թափանցման նրբությունը:          /Ստ. Զորյան/
«Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով... Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում»:                          /Մաքսիմ Գորկի/

«Ահա գրագիր մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղացմանց ու արտահայտության չորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին»:                             /Արշակ Չոպանյան/

 

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ