haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 16/02/1880 - Մահացել է՝ 05/05/1972

Կենսագրությունը

ՍԱՐՅԱՆ Մարտիրոս Սարգսի [16(28). 2.1880, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) – 5.5.1972, Երևան], նկարիչ: Ղ. Մ. Սարյանի հայրը: ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965): 1945–51-ին՝ ՀՆՄ նախագահ: Ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական (1895), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1903) ուսումնարանները, կատարելագործվել Վ. Սերովի և Կ. Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սարյանի 1896–1903-ի գործերը («Ինքնանկար» «Մաքրավանք»«Սոֆյա Միանսարյան» և այլն) ուսուցողական բնույթի են: Նա 1901-ին առաջին անգամ այցելել է Երևան, Աշտարակ, Վաղարշապատ, Սևան, 1902-ին` Անի: Ստեղծագործական առաջին իսկ շրջանում (1904–09) Սարյանը հրաժարվել է ավանդական ուսուցողական սկզբունքներից և ստեղծել նոր ու արդիական «սարյանական» արվեստ: Այդ տարիներին ուսումնասիրելով XIX դ. վերջի և XX դ. սկզբի եվրոպական նորարարարարական գեղանկարչությունը՝ Սարյանն ավելի է համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.
«Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ: Հնարավոր է այն օրերին, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական  ծննդավայրերի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով: Գույն, Լույս, Երազանք, ահա այն, ինչ ես երազել եմ»: 
«Բաց մի գիրք է Հայաստանը, նրա ամեն մի կոթողը՝ իր զարմանալի չափ ու ձևով, հոյակապ դրվագներով,, որմնանկարչությամբ, վիմական արձանագրություններով՝ այդ գրքի ոսկե էջը: Մեր նախնիները հազարավոր մեծ ու փոքր համամարդկային արժեք ու հարստություն ներկայացնող կոթողներ են ժառանգել մեզ, ավանդել են, որ մենք ոչ միայն հիանանք դրանցով, ճանաչենք ու հպարտանանք, այլև պահենք, պահպանենք յուրաքանչյուր քարն ու մասունքը և այդ ամենն անվնաս, մեր իմաստուն նախնիների օրինակով ժառանգություն տանք մեզնից հետո եկող սերունդներին»:
«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»:
«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...»:
«Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ»:
«Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը...»:
 

Գործունեությունը

1907-ին  «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսներում Սարյանը ներկայացրել է  «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ»: Արարատի ստորոտին», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Հովազներ», 1907, «Տապ»: Վազող շունը», 1909, և այլն): Ստեղծագործական 2-րդ շրջանում (1910-ական թթ.) եղել է Կոստանդնուպոլսում (1910), Եգիպտոսում (1911), Պարսկաստանում (1913): Այդ շրջանի պատկերները («Կ.Պոլիս: Փողոց: Կեսօր», 1910, «Բանաններ» 1911, «Փյունիկյան արմավենի», 1911, «Քաղաքիկի ծաղիկները», 1914, «Ա. Ծատուրյան», 1915, «Դաշտային ծաղիկներ», 1918, և այլն) թեմատիկայով ու կերպավորմամբ կոնկրետ-իրական են, բայց ոչ բնականի նմանակը և ոճաձևաբանական, գունագրական առումով զարգացնում են նախորդ շրջանի որոշ գործերի սկզբունքները՝ յուրովի պահպանելով նաև տեսիլքային կողմնորոշումը: Սարյանը հայ արվեստի յուրատեսակ ըմբռնմամբ համաձուլել է եգիպտական կերպարվեստի մոնումենտալության, ճապոնական գունագրության որոշ հատկանիշներ, Պ. Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտման Վան Գոգի մաներան՝ ստանալով նոր, յուրահատուկ սարյանական արժեք ու որակ:

Մեծ եղեռնի օրերին Սարյանը աշխատել է Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում, Հովհաննես Թումանյանի, Գ. Լևոնյանի և այլոց հետ Էջմիածնում օգնել է հայ գաղթականներին: 1916-ին մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Հ. Սուրենյանցի հետ ձևավորել Վալերի Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել գավառագիտության թանգարան:

1921-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկսվել է Սարյանի ստեղծագործության 3-րդ շրջանը: 1921– 25-ին եղել է Հայաստանի պետական թանգարանի հիմնադիր-վարիչը, օգնել ԵԳՈՒ-ի հիմնադրմանը, Հ. Կ. Կոջոյանի հետ ստեղծել ՀԽՍՀ զինանշանը, 1923-ից աշխատակցել Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին, Կերպարվեստից աշխատողների ընկերությանը, 1924-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1928-ին անհատական ցուցահանդես ունեցել Փարիզում (հայրենիք տեղափոխող նավի հրդեհից նկարների մեծ մասն այրվել է): 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: 1923-ից Սարյանը ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝  «Հայաստան»,  «Լեռներ: Հայաստան» (երկուսն էլ՝ 1923), «Զանգվի ափը» (1930), «Ծաղիկներ» (1945), Եղւշե Չարենցի (1923), Ս.  Աղաջանյանի (1930), Թորոս Թորամանյանի (1934), Ստեփան Մալխասյանցի (1943) դիմանկարները, «Բակի անկյուն» (1953) և այլն: Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ կտավներում առանձնանում են Արարատյան հովտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնապատկերները: Սարյանը պատկերել, շնչավորել է Հայաստանն իր  «շոշափելի գոյությամբ», արտահայտել ազգային ոգու և բնաշխարհի գեղեցկությունն ու միասնականությունը: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952– 58) համար արժանացել է Լենինյան մրցանակի (1961): Ձևավորել է Ավետիք Իսահակյանի  «Բանաստեղծություններ» (1929), Հովհաննես Թումանյանի  «Հեքիաթներ» (1930), Եղիշե Չարենցի  «Երկիր Նաիրի» (1933), Ֆիրդուսու  «Ռոստամ և Զոհրաբ» (1934) և այլ գրքեր: Բեմանկարչության գլուխգործոցներ  են Սպենդիարյանի  «Ալմաստ» (1930` Օդեսա, 1933` Երևան, 1939` Մոսկվա, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941), Հ. Ստեփանյանի  «Քաջ Նազար» (1935), Արմեն Տիգրանյանի  «Դավիթ Բեկ» (1956, Խաչատուր Եսայանի, Ա. Միրզոյանի հետ) օպերաների (բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Դե Ֆիլիպոյի  «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի (1956, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն) բեմադրությունների ձևավորումները: Ստեղծել է նաև Երևանի Առաջին պետական թատրոնի վարագույրը (1923):

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է: 1955-ից Հալեպում գործում է Սարյան ակադեմիան, 1967-ից Երևանում՝ Սարյանի տուն-թանգարանը (Սարյանի անվան փողոցում): Երևանում տեղադրված է Սարյանի հուշարձանը (1986, քանդակագործ` Լ. Թոքմաջյան): Սարյանի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, արտասահմանյան բազմաթիվ երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

1907–2006-ին ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլուր:

Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ (1958), ՀԽՍՀ Պետական մրցանակ (1965):ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946–58):
Երկ: Գրառումներ իմ կյանքից, Ե., 1980:
Из моей жизни, 4 изд., М., 1990.

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Մարտիրոս Սարյանի մասին.
 «Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինը»: /Վահրամ Փափազյան/

Տեսանյութերը

Հայը - Մարտիրոս Սարյան...

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան

Օգտագործող Գաղտնաբառ