haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ

Գրող , Մշակութային գործիչ , Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 12/04/1864 - Մահացել է՝ 26/04/1920

Կենսագրությունը

ՓԱՓԱԶՅԱՆ Վրթանես Մեսրոպի (12.4.1864, Վան – 26.4.1920, Երևան), գրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ, գրաքննադատ, գրականության պատմաբան, ազգագրագետ, խմբագիր, մանկավարժ, թարգմանիչ: Մ. Հ. Փափազյանի որդին:

1868-ին ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը: Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875–78), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878–79), ավարտել Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը (1894): Երկար տարիներ ուսուցիչ է եղել Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն: Խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894–96), «Ղարաբաղ» (1911–12) թերթերը, հանդես եկել հոդվածներով և  թղթակցություններով: 1887–89-ին, Կարինում ուսուցիչ եղած տարիներին, կապեր է հաստատել ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում, 1889-ին հոդվածաշարով թղթակցել «Մշակին» («Նամակներ թուրքաց Հայաստանից¦):

1889-ից մամուլում սկսվել է արևմտահայության կյանքն արտացոլող Փափազյանի պատմվածք-պատկերների շարքի տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել երկու գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891, «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904): Այդ գործերում պատկերել է թուրքերի, քրդերի դեմ արևմտահայության պայքարի ողբերգական դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» և այլն): «Էմմա» (1895, հրատարակություն՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում Փափազյանը քննադատել է ազգային կուսակցականներին:
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ազգային կյանքի զանազան խնդիրներ արծարծելուց բացի, Փաթազյանն ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա, հայ ժողովրդի սոցիալ-քաղաքական ծանր վիճակը դիտել որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս: Այդ գաղափարը նա մարմնավորել է այլաբանական զրույցներում: «Մարդագայլը» (1891) զրույցում ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխարհիկ, նյութական, իրավական հավասարության գաղափարը («Լուր դա լուր», 1894, «Կլոր աստուածներ», 1898):

XX դ. սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903): Հրապարակախոսական հոդվածներում և գեղարվեստական գործերում («Անտառը շարժւում է», 1905, «Զարթնել է առիւծը», 1905, «Ծով», 1909) պատկերել է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդի զանգվածների ուժն ու վճռականությունը:

Փափազյանը մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում: Իր դրամաներում («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրատարակություն՝ 1905, «Ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրատարակություն՝ 1959, «Հայրենիքի համար», 1916, հրատարակություն` 1959) պատմական և արդիական նյութի հիման վրա առաջ է քաշել ազգ-ազատագրական և ազատախոհական գաղափարներ: Անդրադարձել է տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը: «Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսերական ազգագրական ընկերության անդամ (1900): Հանդես է եկել հայ, ռուս և համաշխարհային գրականությանը նվիրված քննադատական հոդվածներով, պաշտպանել ռեալիզմի սկզբունքները: Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան սկզբից մինչեւ մեր օրերը», 1910): Հայերեն է թարգմանել Մ. Սալտիկով-Շչեդրինի, Լև Տոլստոյի, Ալֆոնս Դոդեի, Ֆրիդրիխ Նիցշեի և այլոց ստեղծագործություններից: Գրել է աշխատություններ՝ նվիրված ընդհանուր քաղաքակրթությանը, արվեստներին, գրական ուղղությունների պամությանը, լեզվաբանությանը: Ազատախոհական գաղափարներ քարոզելու համար Փափազյանը հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, իսկ ազգ-ազատագրական հայացքների համար Թուրքիայում նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացվել:

Երևանում և հանրապետության այլ քաղաքներում Փափազյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոց:
Երկ. Ընտ. երկ., գիրք 1–2, Ե., 1939–40:
Երկ. ժող., հ. 1–5, Ե., 1958–59:
Երկ. ժող., հ. 1–3, Ե., 1972–73:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Լուր-դա-լուր

Օգտագործող Գաղտնաբառ