Կենսագրությունը
ԱՐԾՐՈՒՆԻ Գրիգոր Երեմիայի [27.2 (12.3). 1845, Մոսկվա – 19(31).12.1892, Թիֆլիս], հրապարակախոս, գրաքննադատ, հասարակական գործիչ, տնտեսագետ: Ե. Գ. Արծրունու որդին, Ա.Ե. Արծրունու եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան (1863), Հայդելբերգի համալսարանը (1869)՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորրի գիտական աստիճան: 1865–70-ին թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբներին: 1872–92-ին՝ «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիր: Արծչունին հայ ազատական գաղափարախոսության ներկայացուցիչներից էր: Ազգային առաջադիմության տեսանկյունից վտանգավոր համարելով օտարերկրյա կապիտալի մուտքը Այսրկովկաս՝ առաջարկել է տեղական միջոցներով հիմնել բաժնետիրական ընկերություններ, փոխօգնության գանձատներ: Պայքարել է հանուն բուրժուադեմոկրատական բարեփոխումների, ժողովրդի կրթության, լուսավորության, կնոջ իրավահավասարության: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել սուլթանական բռնապետության դեմ կազմակերպվող հայ ազատագրական պայքարի խմբակների և կազմակերպությունների աշխատանքներին, նյութական և բարոյական աջակցություն ցույց տվել նրանց: Արևմտյան Հայաստանի ազատագրության հույսը կապել է Ռուսաստանի ռազմական օգնության, ինչպես նաև ժողովրդական ապստամբության հետ:
Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝ Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.
«Մեզ վրա պետք է հույս դնենք, այն ազգը, որ ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի»:
Գործունեությունը
Գրիգոր Արծրունին գրել է հուշագրություններ, «Էվելինա» (1891) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ: Հանդես է եկել նաև գրականությունն ու թատրոնը վերափոխող առաջարկներով: Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպկերպարի այն ժամանակվա ընդունված ըմբռնումից: Ըստ Արծրունու՝ տիպը բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, որը ներառում է հոգեբանությունների և բնավորությունների տիպական միջինը:
Երկ. Թիւրքաց հայերի տնտեսական դրութիւնը, Թ., 1894:
Աշխատութիւններ, հ. 1 (1865–1871), Թ., 1904:
Восточный вопрос, Тифлис, 1876
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Լեո, Գրիգոր Արծրունի, Երկ. ժող., հ.6, Ե., 1987:
- Հակոբյան Գ.Վ., Գրիգոր Արծրունու էսթետիկական հայացքները, տես Հայ էսթետիկական մտքի պատմությունից (հետազոտությունների ժող.), գիրք 1, Ե., 1974:
- Թովմասյան Ն. Ռ., Թամրազյան Հ. Հ., Պապիկյան Գ.Թ., Հայ տնտեսագիտական մտքի պատմությունից, Ե., 1988: