haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄՈՒՐԱՑԱՆ (ԳՐԻԳՈՐ) ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 01/02/1854 - Մահացել է՝ 30/08/1908

Կենսագրությունը

ՄՈՒՐԱՑԱՆ (Տեր-Հովհաննիսյան Գրիգոր, 1.2. 1854, Շուշի – 30.8.1908, Թիֆլիս), գրող: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1873): 1875–76-ին հայոց լեզու է դասավանդել Խորեն Ստեփանեի դպրոցում: 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական վայրերում, գրել «Հասան-Ջալալեան ազգի համառօտ տոհմագրութիւնը» (1880) երկը: 1878-ին հաստատվել է Թիֆլիսում: Գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ հայրենասէր օրիորդ» (1900) պատմական դրամայով: Մուրացանը  չի ընդունել արմատական բարեփոխումներն ու հեղափոխականությունը, ազգապահպանման հիմքը համարել է եկեղեցին, ընտանիքը, ազգային սովորույթներն ու բարքե-րը: Ազգային միասնության ու ավանդական կեցության գաղափարը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաղորդելով քարոզչական բնույթ («Հայ բողոքականի ընտանիքը», 1882, վիպակ, «Իմ կաթոլիկ հարսնացուն», 1885, «Չհաս է», 1886, վեպեր, «Հասարա-կաց որդեգիրը», 1884, «Հարուստները զուարճանում են», 1884, «Ի՞նչ լայեղ է», 1885, «Անպատճառ իշխանուհի», 1886, պատմվածքներ):

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Ամեն մի գործ ստեղծելիս իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան, լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել»:

Գործունեությունը

Մուրացանի կարծիքով` ազգի զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու համար հարկավոր են անձնազոհ անհատներ` առաքյալներ: Որպես գործելու ծրագիր` առաջադրել է «Խորհրդավոր միանձնուհին» (1889) վեպը, որի հերոսուհին՝ Քույր Աննան, ուրվագծել է հեղինակի սոցիալական ուտոպիան, այն է՝ տնտեսապես բարեկարգված նահապետ. համայնք, որի բարոյական նեցուկներն են դպրոցն ու եկեղեցին: «Լուսաւորութեան կենտրոնը» (1892), «Նոյի ագռաւը» (1899), «Առաքեալը» (1902), «Գթութեան քոյրեր» (1902) երկերում փորձել է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրել է նրա պատրանքները: Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղել է դեպի պատմական անցյալը: «Գեւորգ Մարզպետունի» (1896) պատմավեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է, որն արտացոլում է X դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները: Գլխավոր հերոսի՝ Գևորգ Մարզպետունու կերպարի մեջ է մարմնավորված գրողի տեսլականը` «Մեկ ծաղկով գարուն կգա»: «Անդրեաս երէց» (1897–98) պատմավեպում պատկերված է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Տիկին Փիլարեանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Հատուկ թղթակիցը» (1902) և այլ պատմվածքներում սուր ծաղրի է ենթարկված կեղծ բարեպաշտությունը: Մուրացանի անունով Երևանում և ՀՀ ու ԼՂՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ:

Երկ. ժող., հ. 1, 2, Ե., 1961, 1965:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ