haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՋԻՎԱՆԻ (ՍԵՐՈԲ) ԼԵՎՈՆՅԱՆ

Աշուղ

Ծնվել է՝ 1846 - Մահացել է՝ 05/03/1909

Կենսագրությունը

ՋԻՎԱՆԻ [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում) – 5.3.1909, Թիֆլիս], աշուղ, ժողովրդական երգիչ: Փոքր տարիքից համբավավոր աշուղ Ղարա Ղազարի (Սիայի) մոտ յուրացրել է աշուղական արվեստի կանոնները, սովորել նվագել քյաման, ջութակ, հորինել երգեր: 1866-ին հանդիպել է Սազայուն, որի հետ մտերմանալով՝ 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս: 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում (նրան հոգատարությամբ են շրջապատել աշուղներ Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային), այնուհետև՝ Թիֆլիսում: Որոշ ժամանակ անց ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ): Մինչև 1880-ական թթ. Ջիվանու երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում: 1870–90-ական թթ. հայ հասարակական մտքի և ազգ-ազատագրական շարժման վերելքի տարիներին Ջիվանու սիրային, քնարական երգերին փոխարինելու են եկել բողոքի և ըմբոստության երգերը: Նրա բոլոր երգերում առկա է ազատախոհությունը. շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հոյ տառը» և այլն): Քարոզել է հետևել լուսավորությանը և գիտությանը, սիրել հայրենիքն ու ընտանիքը, հորդորել երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան» («Ձախորդ օրերը»): Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, հայրենիքը, մաքուր ու անարատ սերը («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել»): Ջիվանին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ: Նա աշուղական երգը մաքրել է արևելյան ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու՝ նպաստելով նաև գրականության աշխարհաբարի զարգացմանը: Մեզ է հասել Ջիվանու շուրջ 1200 երգ:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Ազգ իմ, որքան նկուն մնաս, սիրտս քեզնից չի զատվի: 

Գործունեությունը

Ջիվանին շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած՝ որևէ երգի համար հատուկ եղանակ հորինելու ավանդույթը («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ¦, «Ձախորդ օրերը» և այլն): Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք ներկայացրել նորովի: Ջիվանին հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժողովրդական (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը: Նրա երգերին բնորոշ են խոսքային և վոկալ ինտոնացիաների միա-ձուլումը, զգացմունքի խորության զուգորդումը արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը», «Սպիտակ մազեր», «Փորձը մարդուն»): Եղանակները կենսահաստատ են, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան: Ջիվանին ասերգի վարպետ է («Խելքի աշեցեք»): Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է նմանվում «Առավոտյան քաղցր հովիկը» երգը, քաղաքային ժողովրդական ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է միջնադարյան նախօրինակից: Ջիվանին կատարել է նաև ուրիշների երգերը, դրանց համար հարմարացրել կամ հորինել է եղանակներ («Անի քաղաք»): Ջիվանու երգերը հեղինակից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռոմանոս Մելիքյանը:

Ջիվանին հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, ստեղծել իր դպրոցը: Նրա երգերը տարբեր կատարումների համար մշակել են շատ հայ կոմպոզիտորներ:
Երկ: Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882:
Ջիւանու քնարը, հ. 1–2, Թ.-Վաղպատ, 1900, 1904:
Երգերի ժող., Ե., 1936:
Ջիվանու քնարը (առաջաբանը՝ Ա. Սահակյանի), Ե., 1959:
Երգեր (նոտագրված, կազմողներ՝ Մ. Աղայան, Շ. Տալյան), Ե., 1955:
Անհայտ երգեր, Ե., 1996:
Երգեր (առաջաբանը, ծանոթագր.՝ Ա. Սահակյանի), Ե., 1988:
Ծիրանի ծառ, Հատընտիր, Ե., 1996:
Ջիվանի-150, անհայտ երգեր, Ե., 1996 (կազմ. և առաջաբանը՝ Թ. Պողոսյանի):

 

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ

Ջիվանի – Սասունարար ...

Աշուղ Ջիվանի -Քանքարավոր ընկեր ...

Մեր մեծերը - Ջիվանի...

Կարդում է Վլադիմիր Աբաջյանը.Ջիվա...

Օգտագործող Գաղտնաբառ