haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Գրող , Թարգմանիչ

Ծնվել է՝ 13/03/1897 - Մահացել է՝ 27/11/1937

Կենսագրությունը

ՉԱՐԵՆՑ (Սողոմոնյան) Եղիշե Աբգարի (13.3. 1897, Կարս – 27.11.1937, Երևան, անհատի պաշտամունքի զոհ), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ: Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալիստական դպրոցներում (1908–12), Մոսկվայի Շանյավսկու անվան ժողտնտեսական  համալսարանում (1916– 17), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վալերի Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրակ-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել: 1924-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում: 1926–28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում, 1928–35-ին՝ Հայպետհրատում: 1912–17-ին հետևել է սիմվոլիզմի գրական ուղղությանը («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Հրո երկիր», 1913–16, «Տեսիլաժամեր», 1915, «Ծիածան», 1917, բանաստեղծական շարքեր): Իրական աշխարհից դուրս Չարենցը այդ տարիներին որոնել է երազային մի եզերք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ցնորքն ու ցանկությունները: Այդ տարիներին նա հայտնաբերել է միակ ու անփոխարինելի սրբությունը՝ հայրենիքը, որն իր աչքի առաջ ծվատվում էր Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին և վերածվում դանթեական դժոխքի («Կապուտաչյա հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916, «Վահագն», 1916, «Ազգային երազ», 1917):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1918–21-ին և 1922–24-ին Չարենցի ստեղծած բանաստեղծական շարքերը, պոեմներն ու բալլադներն առանձնանում են հեղինակի ռոմանտիզմով ու «ձախ» տրամադրություններով («Սոմա», 1918, «Ամբոխները խելագարված», 1919, «Ողջակիզվող կրակ», 1918–20, «Նայիրի երկրից», 1920, «Ռոմանս անսեր», 1920, «Չարենց-Նամե», 1922): Նրա ստեղծագործության մեջ առանձնակի հնչողություն ունի հայրենասիրական թեման («Տաղարան», 1920–21, «Մահվան տեսիլ», 1920): 1925–32-ի Չարենցի պոեզիան խորհրդանշվում է «ձախ» տրամադրությունների հաղթահարմամբ ու հոգեբանական ռեալիզմի սկզբունքների հաստատմամբ («Պոեմ հերոսական», 1925, «Խմբապետ Շավարշ», 1929, «Լիրիքական անտրակտ», 1927–30, «Էպիքական լուսաբաց», 1930): 1934-ին լույս է տեսել Չարենցի «Գիրք ճանապարհի» (1934) ժողովածուն, որտեղ զետեղված են «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Նորք» պոեմները, որոնցում նա փիլիսոփայական  խորհրդածության է վերածել իր ժողովրդի պատմական ճակատագիրը: 1935–37-ը Չարենցի ստեղծագործական գործունեության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով: Այդ տարիներին նա գրել է «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերգությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը, բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ:

Չարենցի պոեզիան առանձնանում է գրական ժանրերի, տաղաչափական ձևերի, լեզվաոճային տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ: Չարենցը կատարել է նաև թարգմանություններ:

1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:

Չարենցի անունով են կոչվել Չարենցավան ք., Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանը, դպրոցներ, փողոցներ: Երևանում գործում է Չարենցի տուն-թանգարանը:

ՀԳՄ սահմանել է Չարենցի անվան մրցանակ:
Երկ. ժող., հ. 1–2, Մ., 1922:

Երկ. ժող., հ. 1–6, Ե., 1962–68:

Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1986–87:

Հատընտիր, Ե., 1987:

 Ընտ. երկ., Ե., 1997:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Եղիշե Չարեցի մասին.

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է: /Պարույր Սևակ/

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:  …Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ: /Գուրգեն Մահարի/

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա: /Ակսել Բակունց/

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր… Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…/Ավ. Իսահակյան/

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը: /Վիլյամ Սարոյան/

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”
Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:
“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել: /Մարտիրոս Սարյան/

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:
… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը: /Իլյա Էրինբուրգ/

"Ես իմ անուշ Հայաստանի...".. Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից:  
Սա եզակի, աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ Եվրոպական ու համաշխարհային ժանրի բանաստեղծությունների մեջ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքերով գրված բան՝ գոնե ես չեմ հիշում: /Ավ. Իսահակյան/
«Չարենցը լեգենդ էր… Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց-մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է… «Ես իմ անուշ Հայաստանի»-ն… մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքներին ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է»: /Մ. Սարյան/

Նկարները
Տեսանյութերը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Եղիշե Չարենց...

Եղիշե Չարենց. Մահվան տեսի...

Եղիշե Չարենց-«Պատմության քառուղի...

Եղիշե Չարենց - Հեռացումի խոսքեր ...

ԳԶՐՈՑՆԵՐ Եղիշե Չարենց...

Օգտագործող Գաղտնաբառ