haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 14/12/1879 - Մահացել է՝ 10/02/1950

Կենսագրությունը

ՏԻԳՐԱՆՅԱՆ Արմեն Տիգրանի [14(26).12.1879, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – 10.2.1950, Թբիլիսի, թաղված է Երևանում], կոմպոզիտոր, խմբավար, երաժշտահասարակական գործիչ: ՀԽՍՀ (1935) և ՎԽՍՀ (1936) արվեստի  վաստակավոր գործիչ: Է.Ա. և Վ. Ա. Տիգրանյանների հայրը: 1894-ին տեղափոխվել է Թիֆլիս. ավարտել է երաժշտական ուսումնարանը (1902), կոմպոզիցիայի դասեր է առել Մ. Գ. Եկմալյանից: 1902-ին Ալեքսանդրապոլում կազմակերպել է քառաձայն ժողովրդական երգչախումբ, համերգներով հանդես եկել Ալեքսանդրապոլում, Կարսում, Թիֆլիսում, Բաքվում: Տիգրանյանի առաջին ստեղծագործություններից են Ավետիք Իսահակյանի խոսքերով երգերը` «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (1903–06, 1907), հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները: Տիգրանյանի ստեղծագործության մեջ ամենանշանակալին «Անուշ» օպերան է (1908–12), որի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում (1908), առաջին լրիվ բեմադրությունը` Ալեքսանդրապոլում (1912), Երևանում (1935), Մոսկվայում (1939):

1913-ից բնակվել է Թիֆլիսում, մասնակցել Հայոց երաժշտական ընկերության (1912–21) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով: Հեղինակ է «Լեյլի և Մեջնուն» դրամայի երաժշտության (1915, բեմադրություն` 1918, Թիֆլիս), «Արևելյան պար»-ի` սիմֆոնիկ  նվագախմբի համար, խմբերգերի, հայկական ժողովրդական երգերի մշակումների: 

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.
  «Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի և հասկանալի»:  

Գործունեությունը

1920–30-ական թթ. Տիգրանյանը գրել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ` Սյուիտ հայկական պարերից, «Շիրակ-Զմրուխտի» ֆանտազիան և այլն, հիմնականում զբաղվել «Անուշ» օպերայի մշակմամբ:

1940-ականներին Տիգրանյանը ստեղծել է «Պարային սյուիտ»` նվագախմբի համար (1940), «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու վեպի, 1941–50), որը խմբագրել է Գ.Բուդաղյանը, գործիքավորել Լ.Խոջա-Էյնաթովը (առաջին բեմադրություն` 1950, Երևան): Գրել է նաև թատերական երաժշտություն` «Գիքոր» (ըստ Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Դավիթ Բեկ», «Սամվել» (ըստ Րաֆֆու) և այլն, հայերեն է թարգմանել Վերդիի «Ռիգոլետտո» և Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները:

 Երևանում Տիգրանյանի անունով կոչվել է փողոց, Օղակաձև զբոսայգում կանգնեցվել հուշարձանը (քանակագործ՝ Ա. Հովսեփյան):
Երկ. Հոդվածներ, նամակներ, հուշեր, կազմ.՝ Ալ.Թադևոսյան, Ե., 1981:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Արմեն Տիգրանյանի մասին.
«Արմեն Տիգրանյանն առաջ քաշեց և լուծեց հայ երաժշտության զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող ստեղծագործական խնդիր՝ ժողովրդական երաժշտական լեզվի բազմակողմանի կիրառումը և ժողովրդական ոճի ներդրումը օպերայում»: /Ռոբերտ Աթայան/

Նկարները
Տեսանյութերը

Ա. Տիգրանյան «Անուշ» ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐՄԵՆ ՏԻԳՐ...

Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ» ...

Ա. Տիգրանյան «Անուշ» 2008...

Արմեն Տիգրանյան - մաս I...

Արմեն Տիգրանյան - մաս II...

Օգտագործող Գաղտնաբառ