haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր) , Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 1885 - Մահացել է՝ 21/05/1967

Կենսագրությունը

ԿԱՆԱՉՅԱՆ Բարսեղ [1885, Ռոդոսթո (այժմ՝ Թեքիրդաղ՝ Թուրքիայում) – 21.5.1967, Բեյրութ], կոմպոզիտոր, խմբավար: 1888-ից բնակվել է Կոստանդնուպոլսում, 1896-ին գաղթել Վառնա, աշակերտել Ն. Ամիրխանյանին (ջութակ, երաժշտության տեսություն): 1903-ից սովորել է Բուխարեստում (դաշնամուր): 1908-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ստեղծել «Քնար» փողային նվագախումբը: 1910-ից երգել է Կոմիտասի երգչախմբում, նրանից հարմոնիայի ու խմբավարության դասեր առել: 1920-ից Փարիզում շարունակել է ուսումը, 1922-ից հայ գաղթավայրերում զբաղվել խմբավարությամբ: 1926-ից դասավանդել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, 1933-ից՝ Բեյրութի Փալանջյան ճեմարանում: 1936-ին Բեյրութում ստեղծել է «Գուսան» երգչախումբը, որի համար մշակել է հայկական և արաբական ժողովրդական երգեր: 1957-ից բնակվել է Բաղդադում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Նանոր» վիպադրամատիկական պատկեր, «Հոյնար», «Դալիլո» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» և այլն), 20 մանկական երգ, «Աբեղա» երգային օպերան (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–48) և Երևանում (1969):

Կանաչյանի անունով է կոչվել Բեյրութի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Բ. Կանաչյան «Օրոր» ...

Բ. Կանաչյան «Ցայգերգ» ...

Օգտագործող Գաղտնաբառ