haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 20/04/1884 - Մահացել է՝ 26/08/1915

Կենսագրությունը

ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել [Չպուգքյարյան Դանիել Գրիգորի, 20.4.1884, գ. Բրգնիք (Սեբաստիայի նահանգ) – 26.8.1915, Մեծ եղեռնի զոհ], բանաստեղծ, գրակ-հասարակական գործիչ: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1902– 05), Գենտի (Բելգիա) համալսարանում (1905–09): Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ, կազմակերպել հանդեսներ, բանախոսություններ, թատերական ներկայացումներ: Հրատարակել է «Նավասարդ» (Հ. Սիրունու հետ) տարեգիրքը, մասնակցել «Մեհյան» (1914) հանդեսի խմբագրմանը: 1906-ին հրատարակել է «Սարսուռներ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որը նոր գաղափարներ ու ոճ է բերել հայ գրականությանը: Բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դարձրել իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն և հակառակ իր աչքի տակ բուսած կորեկի: Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար»:
 «Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»:

 

Գործունեությունը

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու հակասական կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»): «Ցեղին սիրտը» (1909) ժողովածուն նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան. հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»): Քաղաքական ու սոցիալական ճնշման տակ բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»): Վրեժի ու պայքարի մեջ հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլև իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»): «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր բովանդակությամբ շարունակվում են հայ գրականության ռոմանտիկական ավանդույթները: Այն հայ ժողովրդի ողբերգության և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է: Արվեստի նոր ուղղության, ոճի, բովանդակության երևույթ էր «Հեթանոս երգեր» (1912) բանաստեղծությունների ժողովածուն: Այն հայ գրականության մեջ XX դարասկզբին ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է: Այս հոսանքի էությունը ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման: Գրքի երկու («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») բաժիններում Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ: Ասպետական  դարերի փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ. դա գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու՝ ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի իր իդեալներին («Գեղեցկություն արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՜ Տալիթա», «Հարճը»): Արվեստի հրաշքով բանաստեղծը փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները: Լիարյուն ու ներդաշնակ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական՝ մի այլ աշխարհի սկիզբ է դառնում «Հացին երգը» (1921) շարքում:

Երկ. Տրտունջք, Սեբաստիա, 1911:
Երկ., Ե., 1946: Բանաստեղծություններ, Ե., 1955:
Երկ., Ե., 1969: Poe՛mes, Beyrouth, 1972:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Դանիել Վարուժանի մասին.  

«Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»: /Հակոբ Օշական/

Տեսանյութերը

Ձոն - Դանիէլ Վարուժան ...

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Անդաստան - Դանիել Վարուժան ...

Օգտագործող Գաղտնաբառ