Կենսագրությունը
ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ Գալուստ Սարգսի (29.3. 1869, Կոստանդնուպոլիս – 20.7.1955, Լիսաբոն), մեծահարուստ, բարեգործ: Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-նավթագործ: Կրթությունն ստացել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա): 1911– 1912-ին հիմնել է Թուրքիայի նավթային ընկերությունը՝ Միջագետքի հարուստ նավթահանքերը օգտագործելու նպատակով (Կյուլպենկյանը Իրաքի նավթային ընկերության բաժնետերերից էր):
Գործունեությունը
Կյուլպենկյանն եղել է Փարիզի և Լոնդոնի թուրքական դեսպանատների տնտեսական խորհրդական: 1930-ին ընտրվել է ՀԲԸՄ (հիմնադրվել է 1906-ին) նախագահ: 1942-ից բնակվել է Լիսաբոնում: 1956-ին, Կյուլպենկյանի 1953-ի կտակի համաձայն, Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն» բարեգործական հաստատությունը (մասնաճյուղեր են գործում Լոնդոնում, Փարիզում), որի կազմում ստեղծվել է (Գ. Եսայանի ջանքերով) Հայկական համայնքների բաժանմունք: