haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)

Քաղաքական գործիչ , Հրապարակախոս , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 01/01/1886 - Մահացել է՝ 21/12/1955

Կենսագրությունը

ՆԺԴԵՀ Գարեգին [Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշեի, 1.1.1886, գյուղ Կզնուտ (Նախիջևանի գավառ) – 21.12.1955, քաղաք Վլադիմիր (Ռուսաստան)], ռազմական, քաղաքական և պետական գործիչ, գնդապետ, հրապարակախոս, փիլիսոփա: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1904-ին դուրս է եկել), 1907-ին ավարտել Սոֆիայի սպայական դպրոցը: 1909-ին Կովկասում ցարական ոստիկանությունը ձերբակալել է Նժդեհին: 1911-ին անցել է Բուլղարիա:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»:

«Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից»:

«Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»:

«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:

 

Գործունեությունը

1912-ին Նժդեհն Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավորական վաշտ (270 զինվոր), որը բուլղարական բանակի շարքերում 1913-ին կռվել է Թուրքիայի դեմ, որի համար բուլղարական Կառավարությունը Նժդեհին պարգևատրել է Սպայական խաչով: 1914-ին տեղափոխվել է Թիֆլիս, զինվորագրվել հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 2-րդ զորաջոկատի հրամանատարի տեղակալ: 1916-ին անցել է Ալեքսանդրապոլ: 1918-ին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24– 29): ՀՀ (1918–20) հռչակման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման գործով: 1919-ի օգոստոսից՝ Զանգեզուրում ԶՈւ հրամանատար: Զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես 1919-ի նոյեմբերին Զանգեզուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթարական զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս: Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեզուրյան ապստամբությունը: Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհը ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը: 1921-ի հուլիսին Զանգեզուրից անցել է Պարսկաստան, այնտեղից՝ Սոֆիա: 1932–34-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է «Ցեղակրոն» շարժումը: Երկրորդ աշխարհամարտի (1939–45) ժամանակ մասնակցել է գերմանական բանակում հայկական ազգային լեգեոն կազմավորելու գործին: Երբ խորհրդային բանակը մտել է Բուլղարիա (1944), Նժդեհը կամավոր ներկայացել է խորհրդային ռազմական իշխանությանը, տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1944-ի նոյեմբերի 2-ին ձերբակալվել է, Երևանում դատապարտվել 25 տարվա բանտարկության: 1948-ին Երևանից տեղափոխել են Վլադիմիր քաղաքի բանտ, որտեղ և մահացել է: 1983-ին աճյունը գաղտնի տեղափոխվել է Հայաստան և 1986-ին, Նժդեհի կտակի համաձայն, մի փոքր մասունք ամփոփվել է Խուստուփ լեռան լանջին, աճյունը՝ Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ):

Տաթևի վանքի, որը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության ղեկավարի նստավայրը, բակում կանգնեցվել է (2003-ին) Նժդեհի հուշարձանը: Նժդեհի անունով Երևանում կոչվել են հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան:
Երկ., հ. 1–2, Ե., 2002: Հատընտիր, Ե., 2001:
Մեծ գաղափար (նորահայտ նյութեր), Ե., 2002:
Գրական երկեր, Ե., 2003:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ...

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ''ՑԵՂԻ ՍԻՐՏԸ'' ...

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ ...

ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏԸ. Գարեգին Նժդեհ ...

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Գարեգին Նժդեհ...

Օգտագործող Գաղտնաբառ