haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ (ՂԱԶԱՐՅԱՆ)

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 1870 - Մահացել է՝ 27/05/1907

Կենսագրությունը

ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի) [1870, գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառ) – 27.5.1907, գյուղ Սուլուխ, թաղված է Մուշում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում (1886–88): 1880-ական թթ. վերջին Տարոնում գործել է Արաբոյի՝ առաջին հայդուկային խմբում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը»:

Գործունեությունը

1890–94-ին Չավուշը համագործակցել է Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրադ) և Միհրան Տամատյանի հետ: Մասնակցել է Սասունի 1891–94-ի ինքնապաշտպանական մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում), ձերբակալվել ու արգելափակվել է Բիթլիսի, ապա՝ Մուշի բանտերում: 1896-ին փախչելով բանտից՝ ապաստանել է Սասունում, միացել Գուրգենին և Հրայրին: Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900), ապա (Անդրանիկի հետ)՝ Խալիլ Բեյի սպանությունը: Նրա 1900–01-ին մղած կռիվները (Բերդակի, Նորշենի և այլն) կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ: Գործուն մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Առաքելոց վանքի կռվին, 1904-ի Սասունի ապստամբությանը: Վերջինիս պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստոս) հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն: 1906–07-ին գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ: Ապարդյուն ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցություն ստեղծելու համար: Գևորգ Չավուշի մղած կռիվները (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով: Զոհվել է Սուլուխի հայտնի կռվում: Ժողովուրդը երգեր է հյուսել Գևորգ Չավուշի մասին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գևորգ Չաուշ

Սահակ Սահակյան Ելի՛ր Գեւորգ ելի՛...

Գևորգ Չաուշ (Վավերագրական ֆիլմ) ...

Օգտագործող Գաղտնաբառ