haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Գրող , Երաժիշտ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 940 - Մահացել է՝ 1003

Կենսագրությունը

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ [940-ական թթ. 2-րդ կես, հավանաբար գյուղ Նարեկ (Ռշտունյաց գավառ) – 1003], բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ: Խոսրով Անձևացու որդին: Դաստիարակվել ու կրթություն է ստացել Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու հսկողությամբ, որ մոր հորեղբայրն էր: Գրիգոր Նարեկացու գործունեությունը կապվում է նույն վանքի հետ, որտեղ վարդապետ է եղել մինչև իր կյանքի վերջը: Մենաստանի տարածքում նրա հիշատակին կանգնեցվել է մատուռ, որի մեջ ամփոփվել է նրա աճյունը:

Գրիգոր Նարեկացուց մեզ է հասել «Մեկնութիւն երգոց երգւոյն Սողոմոնի» երկը (գրված 977-ին), «Ապրանից Ս. Խաչի պատմությունը» (980-ական թթ.), մի քանի ներբողներ, շուրջ 36 բանաստեղծություն, «Մատեան ողբերգութեան» (1001–1003) պոեմը և դավանաբանական մի թուղթ, որն ուղղված է Մոկաց Կճավա վանքի վանահորը և արժեքավոր աղբյուր է Թոնդրակյան շարժման մասին: Նրան է վերագրվում նաև Հոբի գրքի մի հատվածի մեկնությունը («Ո՞վ է դա...», անտիպ):

Գրիգոր Նարեկացին տաղերում («Մեղեդի ծննդեան», «Տաղ վարդավառի», «Տաղ քաղցրիկ», «Տաղ ազնիւ») աշխարհիկ ընկալմամբ պատկերել է իրական կնոջ գեղեցկությունը, երկրային հմայքները, փառաբանել բնությունը:

Գրիգոր Նարեկացու բանաստեղծական հանճարն ամենակատարյալ արտահայտությունն է գտել «Մատեան ողբերգության» քնարական, փիլիսոփայական պոեմում, որը հայտնի է «Նարեկ» անունով: Մեծածավալ երկը (95 գլուխ, ավելի քան 10000 տող) չունի պատմողական սյուժեի տարրեր, բայց ունի սկիզբ և ավարտ, ներքին զարգացման կուռ միասնություն ու ամբողջականություն:  Գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադըրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով: Բախման կենտրոնում բանաստեղծն է, որը սեփական մեղքերը քավելով և ինքնակատարելագործման ճանապարհով ձգտում է հասնել ու միանալ աստվածային էությանը: Պոեմում Գրիգոր Նարեկացին չի ձգտում ո՛չ բանականությամբ, ոչ զգացողությամբ և ո՛չ էլ կրոնական դավանաբանության հեղինակությամբ ապացուցել Աստծու գոյությունը, ճանաչել նրա էությունը: Նրա համար Աստված անառարկելի ճշմարտություն է, և նա չի պահանջում ոչ մի ապացույց:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գրիգոր Նարեկացին խոսում է մարդ անհատի մասին և խորությամբ պատկերում նրա ներաշխարհը: Անհատն իր ամեն կարգի մարդկային մեղքերի «մեղավոր աշխարհով» հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը:

Պոեմը հորինված է յամբանապեստյան ազատ տաղաչափությամբ և հանգի մասնակի օգտագործումով:

Ինչպես «Մատեան ողբերգութեան» պոեմում, այնպես էլ տաղերում Գրիգոր Նարեկացին օգտվել է հայ բանահյուսությունից, բանահյուսության տաղաչափական ձևերից ու ընդհանրապես ժողովրդական խոսքի տարրերից, իսկ բազմազան նմանաձայնությունների (բաղաձայնույթ, առձայնույթ) միջոցով հասել է երաժշտականության: Գրիգոր Նարեկացու գեղարվեստական մտածողությունը բնութագրվում է որպես բանական-զգացմունքային և իր մեջ միավորում է ծավալայնությունն ու արտահայտչական ոճը: Այդ մտածողությունն իր ազդեցությունն է թողել հետագա շրջանի, հատկապես XII–XIII դդ. (Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի), ինչպես և XX դ. 1-ին կեսի (Մ. Մեծարենց, Սիամանթո, Ե. Չարենց) հայ բանաստեղծության վրա:

Գրիգոր Նարեկացու բարդ և հակասական աշխարհայացքի հիմքում Աստծու՝ որպես բարձրագույն սուբստանցի մասին քրիստոնեական ուսմունքն է: Մարդկության պատմությունը նա պատկերել է ըստ Աստվածաշնչի՝ աշխարհի արարումից մինչև վերջին դատաստանը: Նրա խորհրդապաշտությունը սերտորեն միահյուսված է նորպլատոնականության հետ. տեսանելին իմաստավորվում է անտեսանելիով և՝ ընդհակառակը:

Գրիգոր Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին: Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին ութձայնի դրությանը՝ կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը: Ընդհանրապես նա-խատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ՝ շարականները) հարստացել են ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով:
Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700: Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840:
Մատյան ողբերգության (գրաբարից թրգմ.՝ Վ. Գևորգյան), Ե., 1970:
Տաղեր և գանձեր (աշխատասիր.՝ Ա. Քյոշկերյանի), Ե., 1981:
Մատեան ողբերգութեան (աշխատասիր.՝ Պ. Խաչատրյանի, Ա. Ղազինյանի), Ե., 1985:
Ավետիքյան Գ., Նարեկ աղօթից համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ..., Վնտ., 1827: 

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Գրիգոր Նարեկացու մասին. 

«Այստեղ («Մատյանում») արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք»: /Հովհաննես Թումանյան/

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Գրիգոր Նարեկացի ...

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹ...

Միջնադարյան տաղ, Ս.Գրիգոր Նարեկա...

Օգտագործող Գաղտնաբառ