haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 19/11/1843 - Մահացել է՝ 27/05/1891

Կենսագրությունը

ՊԱՐՈՆՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (19.11.1843, Ադրիանապոլիս – 27.5.1891, Կոստանդնուպոլիս), գրող-երգիծաբան, հրապարակախոս, լրագրող: Սովորել է Ադրիանապոլսի Արշակունյան վարժարանում: 1863-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, զբաղվել գրակ-լրագրողական աշխատանքով: Աշխատակցել է «Փող առավոտյան», «Եփրատ»  (1871-ից՝ խմբագիր) պարբերականներին, 1872-ից՝ «Մեղու»  հանդեսի խմբագիր: Զբաղվել է նաև ուսուցչությամբ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած Մտքերը
«Ո՛հ… ամչնալը ամոթ է այսօր: Վա՛յ անոնց, որ սովրած են ամչնալու»:  
«Ագահ մարդը հաշտ աչքով չնայեր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկ»:
«Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար»:
«Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են»:
«Դարերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է»:
«Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»:
«Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջևդ տեսնել»:

 

Գործունեությունը

Պարոնյանը գրական ասպարեզ է իջել «Երկու տէրով ծառայ մը» (1865, հրտ.՝ 1911) և «Ատամնաբոյժն արեւելեան» (1868) կատակերգություններով: «Մեղու», «Թատրոն», «Փորձ», «Մասիս» պարբերականներում լույս են տեսել Պարոնյանի երգիծ-հրապարակախոսական հոդվածները, զրույցները, որոնք նվիրված էին XIX դ. հայ ազգային, հասարակական կյանքին, ընտանեկան կենցաղին ու բարքերին, լրագրությանը, թատրոնին («Ասկե, անկե», «Ալաֆրանկա», «Թղթակցությունք թատրոնի», «Գուշակությունք թատրոնի», «Ազգային օրագրությունք», «Կսմիթներ», «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ», «Հոսհոսի ձեռատետրը»): 1886–87-ին «Խիկար» երգիծական ամսագրում լույս են տեսել «Պաղտասար աղբար», «Քաղաքավարութեան վնասները» և «Խօսակցութիւնք մեռելոց» երկերը: Վերջինում անդրադարձել է կյանքից օտարված Ճշմարտություն, Խիղճ, Գութ, Մարդասիրություն երևույթներին: «Քաղաքավարության վնասների» հերոսները օտարամոլության, խաբեության զոհեր են՝ զրկված անհատականությունից ու կամքից, բռնադատված քաղաքավարության սնամեջ օրենքներով: Հայ դասական թատերգության բարձրագույն նվաճումներից է «Պաղտասար աղբար» կատակերգությունը, որն առանձնանում է բախումների սրամիտ լուծումներով, խոսքի և դրության ընդգծված կոմիզմով: 1886-ին պրակներով (առանձին գրքով՝ 1887-ին) լույս է տեսել «Մեծապատիւ մուրացկանները», որի հերոսները գավառացի, տգետ, մեծահարուստ Աբիսողոմ աղային քծնող, սոցիալ-հասարակական պայմանների բերումով հոգևոր սնանկության գիրկն ընկած հայ մտավորականության ներկայացուցիչներն են: Պարոնյանը հանդես է եկել նաև արվեստի (թատրոն, երաժշտություն) և գրականության հարցերին նվիրված քննադատական հոդվածներով:

Երկ. ժող., հ. 1–10, Ե., 1962–79:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հակոբ Պարոնյանի մասին.
 «Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՜ իմացական սուր կարողությամբ, թե՜ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՜ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ»: /Մատթեոս Մամուրյան/

«Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը»: /Հրանդ Ասատուր/

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀԱԿՈԲ ՊԱՐՈ...

Մեր մեծերը - Հակոբ Պարոնյան ...

ԾՆՆԴԱՎԱՅՐ Հակոբ Պարոնյան ...

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Հակոբ Պարոնյան ...

«Պաղտասար Ախբար» - Հակոբ Պարոնյա...

«Պաղտասար Ախբար» - Հակոբ Պարոնյա...

Օգտագործող Գաղտնաբառ