haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ

Բանասեր

Ծնվել է՝ 08/03/1876 - Մահացել է՝ 16/04/1953

Կենսագրությունը

ԱՃԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի [8(20).3.1876, Կ. Պոլիս – 16.4.1953, Երևան], լեզվաբան, բանասեր: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1924): Ավարտելով Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը՝ 1893-ին պաշտոնավարել է Գատըգյուղի Արամյան դպրոցում, 1894-ին՝ Կարինի Սանասարյան վարժարանում: 1895-ից սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Ա. Մեյեին, ապա՝ Ստրասբուրգում՝ Հ. Հյուբշմանին: 1898–1923-ին ուսուցչություն է արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում: 1923-ից՝ ԵՊՀ դասախոս, ամբիոնի վարիչ:

Աճառյանը հիմնադրել է հայագիտության մի շարք ճյուղեր (հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն և այլն): Նրա բարբառագիտական կարևորագույն հետազոտություններից են «Հայ բարբառների դասակարգումը» (1909, ֆրանսերեն), «Հայ բարբառագիտութիւնը» (1911) և «Հայերէն գաւառական բառարանը» (1913), որը պարունակում է մոտ 30000 բառ: Հայագիտության մեջ առաջին անգամ Աճառյանը առաջարկել է հայերեն բարբառների ձևաբանական դասակարգումը՝ բաժանելով դրանք 3 ճյուղի՝ ում, կը և լ: Ուսումնասիրել է Ղարաբաղի, Նոր Նախիջևանի (Խրիմի), Մարաղայի, Ագուլիսի, Նոր Ջուղայի, Պոլսի, Համշենի, Վանի, Սուչավայի, Առտիալի բարբառները: Հայ բառարանագրության մեջ բացառիկ է Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» (հ. 1–7, 1926–35, 2-րդ հրտ.՝ հ. 1–4, 1971–79), որը պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառի և 5095 արմատի ստուգաբանություն:

«Հայոց անձնանունների բառարանում» (հ. 1–5, 1942–62) Աճառյանը հավաքել և ուսումնասիրել է V–XIII դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները, տվել դրանց մեծ մասի ստուգաբանությունը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հրաչյա Աճառյանի «Հայոց լեզվի պատմությունը» (հ. 1–2, 1940–51) աշխատության մեջ քննել է հայերենի ծագման ու պատմության զարգացման ընթացքը: Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված Աճառյանիի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (հ.1–6, 1952–71, Ներածություն, 1955) աշխատությունը: Ի մի է բերել XIX–XX դդ. հայերենի պատմական ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները:

Աճառյանը ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը («Ս. Մեսրոպի եւ գրերու գիւտի պատմութեան աղբիւրներն ու անոնց քննութիւնը», 1907, «Հայոց գրերը», 1928), կազմել հայ հին ձեռագրերի ցուցակներ («Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի», 1910, «Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր Բայազետի», 1924, «Ցուցակ հայերէն ձեռագրաց Թեհրանի», 1936 և այլն): Բանասիրական ուշագրավ ուսումնասիրություն է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննություն եւ համեմատություն Եզնկա նորգիւտ ձեռագրին», 1904, համահեղինակ):

Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ (1897), Չեխոսլովակիայի արևելագիտության ինստիտուտիի գիտական բաժնի թղթակից անդամ (1937):

Աճառյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, համալսարան, դպրոց (դ 72), փողոց՝ Երևանում:
Երկ. Թուրքերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Մ.-Վաղ-պատ, 1902:
Կյանքիս հուշերից, Ե., 1967:
Հայ գաղթականության պատմություն, Ե., 2002:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հրաչյա Աճառյանի մասին.
«Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թվում»: /Անտուան Մեյե/

Նկարները
Տեսանյութերը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Հրաչյա Աճառյան ...

Զեկույցներ Հր.Աճառյանի կյանքի և ...

Օգտագործող Գաղտնաբառ