Կենսագրությունը
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ջոն Սահակի (6.5.1929, Երևան – 20.6.1985, Մոսկվա, թաղված է Երևանում), պետական գործիչ, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969): Ա.Ջ. Կիրակոսյանի հայրը: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1951): 1966–69-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ, 1969–75-ին՝ ՀԿԿ կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1975–85-ին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար:
Գործունեությունը
Կիրակոսյանի աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, հայ ազգ-ազատագրական շարժման խնդիրներին («Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», 1965, «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը», հ. 1–2, 1978–80, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», հ. 1–2, 1982–83, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985): Կազմել և խմբագրել է (Ռ. Սահակյանի հետ) «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923)» (1972) ժողովածուն, որտեղ ամփոփված են Հայկական հարցին վերաբերող կարևորագույն փաստաթղթերը: