haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 02/11/1829 - Մահացել է՝ 31/03/1866

Կենսագրությունը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14).11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) – 31.3(12).1866, քաղաք Կամիշին (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզում), թաղված է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի բակում], գրող հրապարակախոս, փիլիսոփա, գրաքննադատ: Սովորել է Նոր Նախիջևանի Գ. Պատկանյանի երկլեզվյան դպրոցում (1837–45): 1848–53-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղար: Հետապնդվելով տեղական իշխանությունների և հոգևորականների կողմից՝ ստիպված թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա: 1853-ին Սանկտ  Պետերբուրգի համալսարանում հանձնել է քննություններ, ստացել հայոց լեզվի ուսուցչի որակավորում: Նույն թվականին աշխատել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1854–58-ին՝ ՄՊՀ բժշկական ֆակուլտետի ազատ ունկնդիր: Մասնակցել է Ս. Ե. Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրի ստեղծմանը: 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական քաղաքական շրջանակների հետ: 1860-ի ամռանը Սանկտ Պետերբուրգի համալսարանում պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: 1860-ին, իբրև Նոր Նախիջևանի հայ հասարակայնության պատվիրակ, մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ քաղաքի կրթական կենտրոնների համար հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի կտակած ժառանգությունը ստանալու: Ճանապարհին կանգ է առել Թիֆլիսում, Վաղարշապատում, շփվել հայ հաս-քաղաքական և մշակույթի գործիչների հետ: Կոստանդնուպոլսում Հ. Սվաճյանի հետ ստեղծել է «Երիտասարդների ընկերություն» ժողովրդավարական կազմակերպությունը, գործուն մասնակցություն ունեցել Ազգային սահմանադրությունն իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար ազգային գործիչների մղած պայքարին: Հընդկաստանում հաջողությամբ կատարելով ստանձնած առաքելությունը՝ 1862-ի մայիսին վերադարձել է Ռուսաստան: 1862-ի հուլիսի 14-ին ձերբակալվել է Լոնդոնի ռուս հեղափոխականների՝ ժողովրդավարներ Ս. Գերցենի, Ն. Օգարյովի և սիբիրյան աքսորավայրից փախած Մ. Բակունինի  հետ համագործակցելու մեղադրանքով: 1865-ի նոյեմբերին թոքախտով ծանր հիվանդ Նալբանդյանը աքսորվել է Կամիշին, որտեղ և մահացել է:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա: 
«Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու»:
«Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:

Գործունեությունը

Հրապարակախոսական երկերում («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգէլը եւ նորա ժամանակը», 1863, հրատարակություն՝ 1902) Նալբանդյանը ընդլայնել է հայ հրապարակախոսության ոլորտներն ու բովանդակությունը՝ վերլուծելով ժամանակի ազգային, հասարակական կյանքի երեվույթները, անդրադառնալով տնտեսական, քաղաքական, մշակութային և փիլիսոփայական հարցերի: Տեղական, մասնավոր բնույթի նշանակություն ունեցող հարցերին տվել է համազգային հնչողություն: Արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակ կյանքի երևույթները վերլուծել է համազգային շահերի և հեռանկարների դիտակետից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ Նալբանդյանը չի ժխտել եկեղեցու և նրա դրական դերը հայոց պատմության մեջ: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ վերլուծել է մարդկության պայքարը սոցիալական ու ազգային ազատագրության համար:

Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը: Կրթության և ուսուցման գործում բացառիկ տեղ է հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ Ս. Նազարյանի հետ պայքարել է աշխարհաբարի հաստատման համար, բանավիճել Մխիթարյանների հետ («Յաղագս հայկական մատենագիտութեան ճառ», 1854– 1955, «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարեանք», 1854): Կարևորել է կնոջ դերը կրթության և դաստիարակության գործում:

Հայ իրականության մեջ առաջինն է բարձրացրել գրականության զարգացման համար քննադատության դերի և նշանակության ըմբռնումը (Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի», 1863–64, հրատարակություն՝ 1935):

Նալբանդյանը հայ գրականության մեջ իրապաշտության հիմնադիրներից է («Մինին խօսք, միւսին հարսն», 1857, «Մեռելահարցուկ», 1859): Նալբանդյանը առաջինն է հայ գրականության մեջ մտցրել ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը: Ստեղծել է քնարական բանաստեղծություններ («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածություն»): Ազատագրական պայքարի, հայրենասիրության գաղափարներն են արտացոլված «Ազատութիւն» (1859), «Մանկութեան օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (փոխադրություն,1861) բանաստեղծություններում: «Իտալացի աղջկա երգը» Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն էր, որը, որոշ փոփոխություններով, կրկին դարձել է նորանկախ ՀՀ օրհներգը:
 Երկ. ԵԼԺ, հ. 1–4, Ե., 1940–49: ԵԼԺ, հ. 1–6, Ե., 1979–97:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Միքայել Նալբանդյանի մասին. 
«Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը»: /Հովհաննես Թումանյան/

«Մ. Նալբանդյանը XIX դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը»: /Դերենիկ Դեմիրճյան

Տեսանյութերը

Մեր մեծերը - Միքայել Նալբանդյան ...

Միքայել Նալբանդյան Հատվածներ «Մ...

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Միքայել Նալբանդյ...

Օգտագործող Գաղտնաբառ