haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Գրող , Թարգմանիչ , Պատմաբան

Ծնվել է՝ 410 - Մահացել է՝ 490

Կենսագրությունը

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմահայր, Քերթողահայր [մոտ 410, գ. Խորնի կամ Խորոնք (Տուրուբերան նահանգի Տարոն գավառ) – մոտ 490], միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան: Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մամբրե Վերծանողի եղբայրը: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում (մոտ 430–440-ին), հմտացել քերթողական արվեստի, ճարտասանության, քերականագիտության մեջ, կատարելագործել հունարենի իմացությունը: Ուսուցիչների մահից հետո վերադարձել է հայրենիք (մոտ 440). կատարել է թարգմանություններ, գրել երկեր: Մովսես Խորենացին Գյուտ Ա Արահեզացու կողմից նշանակվել է Բագրևանդի թեմակալ առաջնորդ:

Մովսես Խորենացու գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրատունու պատվերով (մոտ 480-ին): Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից: 1-ինում տրված է հայ ժողովրդի ծննդաբանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորի և նրա սերունդների պատմությունը: 2-րդը սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության համառոտ հիշատակությամբ, ընդգրկում է Հայաստանում Արշակունյաց արքայատան հաստատման, հայ-հռոմեական պատերազմների, քրիստոնեության ընդունման և այլ անցքերի պատմությունը: 3-րդում զետեղված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի բաժանման, Արշակունյաց անկման (428) պատմությունը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:

Ինչն մարդնու ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:

Թե դու Շարայի վորկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք:

Ինչպես հովհազը չի կարող իր խայտերը փոխել և Եթովպիային թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը իր բարքը:

«Ըստ աշխարհօրէն կարգաց իմաստնանալ ասիմք, և քաղաքականս ուսանել կարգս»  (աշխարհական կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր ենք սովորում)

Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ: 

Գործունեությունը

Մովսես Խորենացին տվել է հայ ժողովրդի հին պատմության այն պարբերացումը, որն, ըստ էության, ընկած է արդի հայագիտության ընդունած գիտական պարբերացման հիմքում: Որդեգրելով «Առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ» սկզբունքը՝ հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը՝ 2-րդ և 3-րդ գրքերը համալրելով ժամանակագրական կուռ ցանկով: Պատմության մեջ ընդգրկվել են թե՛ Հայոց արքաների ու կաթողիկոսների և թե՛ Պարսկաստանի ու Հռոմի գահակալների իշխանության տարիները:

«Պատմութիւն Հայոց»-ը շուրջ 1400 տարի եղել է դասագիրք, միաժամանակ` օրինակ և չափանիշ միջնադարյան հայ բոլոր պատմագիրների համար: Անգնահատելի են Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների, քաղաքական պատմության, տնտեսական, հասարակական և պետական կառուցվածքի, հեթանոսական կրոնի տարբեր շերտերի, նաև հավաստի և արժեքավոր տեղեկությունները Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:

Մովսես Խորենացին օգտագործել է տարաբնույթ՝ օտար և հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի (մ.թ.ա. XII – VII դդ. միջև), Հերոդոտոսի (մ.թ.ա. V դ.), Մանեթոնի (մ.թ.ա. III դ.), Հովսեփոս Փլավիոսի (մ.թ. I դ.), Հուլիոս Ափրիկանոսի (III դ.), Եվսեբիոս Կեսարացու (III դ.) և այլոց երկերը:

Նախամաշտոցյան մատենագրական սկզբնաղբյուրներից օգտագործել է Մար Աբաս Կատինայի (մ.թ.ա. II դ.) մատյանը, «Մեհենական պատմությունները», որոնց հեղինակներն են Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I–II դդ.) և ասորական գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դ.), ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը, որի հեղինակին Մովսես Խորենացին չի հիշատակում: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրներն են Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերը, վավերագրական սկզբնաղբյուրները՝ Գահնամակը և Հայաստանում եղած այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրներն են ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ ժողովրդական բանահյուսության նմուշները՝ վիպասանների երգեր, թվելյաց երգեր, զրույցներ ևս (օրինակ՝ «Արտաշես և Սաթենիկ», «Վահագնի երգը», «Տիգրան և Աժդահակ»), որոնք վկայում են «Սասնա ծռերից» շատ առաջ հայկական էպոսի և վիպերգերի գոյությունը, պատմաավանդական բնույթի ստեղծագործությունները, նախարարական տոհմերի ծագման ու դրանց ականավոր ներկայացուցիչների շուրջ հյուսված ասքերը (Մամիկոնյան, Կամսարական տոհմերի ծագման մասին ավանդությունները և այլն): Մովսես Խորենացու համար նյութական աղբյուր են ծառայել իր նկարագրած քաղաքները, բնակավայրերը, լեզվական աղբյուրներ՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք նա ստուգաբանել է ու մեկնաբանել՝ դրանց մեջ որոնելով պատմական իրադարձությունների արձագանքները:

Երկն առաջին անգամ հրատարակվել է Ամստերդամում (1695), առաջինը աշխարհաբար է թարգմանել ու հրատարակել Խորեն Ստեփանեն (ՍՊԲ, 1889): Աշխարհաբար նոր և գիտական թարգմանությունը Ս. Մալխասյանցինն է (1940):

«Պատմութիւն Հայոց»-ը դուրս է եկել ազգային պատմության շրջանակներից և դարձել համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ թարգմանվել է, ռուսերեն (4 անգամ), ֆրանսերեն(4), լատիներեն (2), իտալերեն (2), գերմաներեն, հունգարերեն, անգլերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հատվածաբար՝ 20 այլ լեզուներով: Մովսես Խորենցու անձի ու գործի վերաբերյալ լույս է տեսել շուրջ 3 հազար ուսումնասիրություն:

Մովսես Խորենցու դավանաբանական աշխատությունները զգալիորեն նպաստել են հայ աստվածաբանական մտքի զարգացմանը: Նշանակալի են «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորա», «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ», «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ») ներբողները, ինչպես նաև փիլդավանաբանական մի քանի երկասիրություններ: Թարգմանություններից (հունարեն) առավել արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը: Վաղ շրջանի գործերից է համարվում «Գիրք պիտոյից»-ը (1796, 1993, ռուսերեն թարգմանություն՝ 2000): Մովսես Խորենցուն է վերագրվում «Աշխարհացոց»-ի (1881) բնագիրը:

Մովսես Խորենցին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է և շարականագիր: Առավելապես հայտնի են «Խորհուրդ մեծ եւ սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական, քնարական ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգական շունչը: Մովսես Խորենցու անունով մեզ հասած երգասացություններում կան կցուրդներ, ավետիսներ. մեծարժեք են Աստվածամորն ուղղված «Մեծացուսցէ» կոչված ձոներգերը (57):

Մովսես Խորենցու  անունով են կոչվել փողոցներ, բուհեր, կանգնեցվել են նրա արձանները (ԵՊՀ-ի և Մատենադարանի առջև):

Սահմանվել է (1993) ՀՀ Մովսես Խորենացու մեդալ:
Մատենագրութիւնք, 2-րդ հրտ., Վնտ., 1865:
Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորան, Քննական բնագիր՝ Թ. Տասնապետյան, Անթիլիաս, 1994:
Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ եւ Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց, Անթիլիաս, 1995 (քննական բնագիրը՝ Թ. Տասնապետյանի): Հայոց պատմություն, Ե., 1997:
Աստուածաբանական երկեր, Ե., 2001:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Մովսես Խորենացու մասին.
«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր .... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար, կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայր»: /Վիկտոր Լանգլուա/

«Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»: /Ստեփան Մալխասյանց/

«Խորենացու «Պատմություն Հայոց»-ը գրված է խորունկ հայրենասիրությամբ .... Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը: Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ, ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել:

Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար... Նա որոնում էր այն փաստերը, որոնք պետք է հաստատեին պատմական ճշմարտությունը»: /Ֆրեդերիկ Ֆեյդի/

Տեսանյութերը

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Մ.Խորենացի" Ուրախացիր Սրբուհի"(ե...

Օգտագործող Գաղտնաբառ