Կենսագրությունը
ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ, սուրբ Ներսես Ա Պարթեվ (մոտ 329–373, ամփոփված է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 353-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Վրթանես Ա Պարթևի թոռը: Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցուն: Հունական կրթությունն ստացել է Կեսարիայում: Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է արքունի սենեկապետ: 351-ին Արշակ Բ-ի հանձնարարությամբ մեկնել է Կոստանդնուպոլիս և վերականգնել հայ-հռոմեական դաշինքը, Հայաստան բերել Կոստանդիոս կայսեր մոտ պատանդ պահված Հայոց թագավորի եղբորորդիներ Գնելին և Տիրիթին, ինչպես նաև կայսեր վաղամեռիկ եղբոր նշանածին՝ Օլիմպիային՝ Արշակ Բ-ի հետ ամուսնացնելու նպատակով:
Գործունեությունը
Առաքելությունը հաջող կատարելու համար Արշակ Բ ավագանու ժողովում Ներսես Ա Մեծին շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, կարգել Հայոց կաթողիկոս և ուղարկել Կեսարիա՝ օծվելու: 356-ին Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ ավանում եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ գումարվել է հայկական եկեղեցական կանոնադիր ժողովը, ընդունվել են եկեղեցական և աշխարհիկ բնույթի բազմաթիվ որոշումներ: Օգտվելով իր մեծ հեղինակությունից՝ Ներսես Ա Մեծը փորձել է վարել եկեղեցին պետությունից բարձր դասելու, աշխարհիկ իշխանության ներքին գործերին միջամտելու քաղաքականություն: 359-ին, դժգոհելով Արշակ Բ-ի՝ առանձին նախարարական տներին հալածելու քաղաքականությունից, Ներսես Ա Մեծը թողել է կաթողիկոսական գահը, սակայն 364-ին, արքայի խնդրանքով, կրկին ստանձնել է Հայ եկեղեցու հովվապետությունը և գլխավորել հայ-հռոմեական լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով Կոստանդնուպոլիս մեկնող պատվիրակությունը: Արշակ Բ-ի մահից հետո Ներսես Ա Մեծի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրանքով բյուզանդացի Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ-ի որդուն՝ Պապին: