haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆ

Քիմիկոս , Ֆիզիկոս

Ծնվել է՝ 25/01/1907 - Մահացել է՝ 02/03/1966

Կենսագրությունը

ՍԻՍԱԿՅԱՆ Նորայր Մարտիրոսի [25.1(7.2). 1907, Աշտարակ – 2.3.1966, Մոսկվա], կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից: Կենսբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1944), ԽՍՀՄ ԳԱ (1960), ՀԽՍՀ ԳԱ (1965, թղթակից անդամ՝ 1945-ից) ակադեմիկոս: Ա. Ն. և Ի. Ն. Սիսակյանների հայրը: Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան (1932): 1935-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում. 1946–59-ին՝ փոխտնօրեն: 1959–63-ին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963–66-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և գլխավոր գիտքարտուղար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Աշխատանքները վերաբերում են մշակաբույսերի չորադիմացկուն սորտերի ստացման և ագրոտեխնիկայի միջոցառումների մշակման, բույսերի ենթաբջջային գոյացությունների քլորոպլաստների կենսաքիմիայի հարցերին: Հայտնաբերել է քլորոպլաստներում պարունակվող ֆերմետներից 7-ը: Ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթների ազդեցությունը կենդանի բջիջների, ենթաբջջային կառուցվածքների և ֆերմենտային համակարգի վրա: Զբաղվել է տեխնիկական կենսաքիմիայի հարցերով: Եղել է Երևանում կազմակերպված գինու և խաղողի կենսաքիմիայի լաբորատորիայի գիտական ղեկավարն ու գիտական խորհրդատուն: Սիսակյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են անկշռության, Երկրի ձգողականության, ճառագայթման և այլ գործոնների հետ կապված հարցեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ (1959–64), ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գիտաժողովի 13-րդ նստաշրջանի նախագահ (1964–66), Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխնախագահ (1965–66), Խորհրդային և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների ու խորհուրդների անդամ:

ԽՍՀՄ Պետական (1952), ԽՍՀՄ ԳԱ Ա. Բախի (1950, 1966) և Ի. Մեչնիկովի (1951) անվան մրցանակներ, Լ. Պաստյորի ինստիտուտի (Ֆրանսիա), Լիեժի համալսարանի ոսկե մեդալներ, Խաղաղության համաշխարհային խորհրդի պատվոգիր և արծաթե մեդալ (1959):

Սիսակյանի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա, միջնակարգ դպրոց` Աշտարակում, փողոցներ՝ Երևանում և Աշտարակում:

Նրա անունը ոսկե տառերով գրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքի պատին:
Երկ: Биохимическая характеристика засухоустойчивости растений, М.-Л., 1940;
Биохимия обмена веществ, М., 1954;
Биологические проблемы космических полетов, “Вестник АН СССР”, թ.  6, 1961.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ