haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ)

Գրող , Բժիշկ

Ծնվել է՝ 15/02/1885 - Մահացել է՝ 26/08/1915

Կենսագրությունը

ՍԵՎԱԿ Ռուբեն [Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի, 15.2.1885, գյուղ Սիլիվրի (Կոստանդնուպոլսի մոտ) – 26.8.1915, Մեծ եղեռնի զոհ], բանաստեղծ, արձակագիր, բժիշկ: Ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911): 1911–14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: 1915-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

1910-ին լույս է տեսել Սևակի «Կարմիր գիրքը», որն ամփոփում է երեք պոեմ՝ «Ջարդի խենթը», «Քրդուհին», «Մարդերգութիւն»: «Մարդերգություն» պոեմի հիմքում ընկած է մարդկային գոյի խորախորհուրդ վերապրումի գաղափարը: Սևակը նպատակ է ունեցել հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրերով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա մտահղացումները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սևակի ստեղծագործությունն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրականության մեջ: Սոցիալական անարդարության, բողոքի ու ընդվզման գաղափարն է արտահայտված «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը», «Այս դանակը», «Փողոց ավլողը» բանաստեղծություններում: «Թրուպադուրները» բանաստեղծության մեջ Սևակն արտահայտել է իդեալի և իրական կյանքի ողբերգականության հակադրությունը: Ազգ-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ: «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» և այլ քերթվածներում բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: Սևակի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում սերը, որը ըստ նրա, ձգտում է «բացարձակ իդեալին» («Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը»): Նրա սիրո երգերի շարքը («Երգ երգոց», «Գինով սեր», «Եկուր», «Ինչո՞ւ», «Սիրո և մահվան երգը» և այլն) աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ: Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը:

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են: «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» (1913) գրքում զետեղված են բժշկական զրույցներ, որոնք հետապնդում են առողջապահական, ուսուցողական նպատակներ: Դրանք («Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը», «Հարսերուն գաղտնիքը» և այլն) հեղինակի կյանքից վերցված նկարագրություններ են և պատկերված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: Երևանում Սևակի անունով կոչվել է փողոց, դպրոց:
Երկ., Ե., 1955: 
Երկ., Ե., 1985:
Երկ., Անթիլիաս, 1986:
Երկ., Ե., հ. 1, 1995, հ. 2, 1996:
Երկ., Էջմիածին, 1997: Հատընտիր [հայերեն և ֆրանսերեն], Ե., 2006:
Բժիշկին գիրքէն փրցուած էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1946:
Կարմիր գիրքը. Սիրոյ գիրքը. Ցրիւ քերթուածներ, Երուսաղեմ, 1944:  

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

ՌՈՒԲԵՆ ՍևԱԿ

Ռուբեն Սևակ.պոեզիա ...

ԾՆՆԴԱՎԱՅՐ Ռուբեն Սեւակ...

Օգտագործող Գաղտնաբառ