ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ , Գրող
Ծնվել է՝ 25/02/1955 - Մահացել է՝ 11/09/1992
Կենսագրությունը
ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Սամվել Սարգսի [25.2.1955, Երևան – 11.9.1992, գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան), թաղված է Երևանում], հաս-քաղաքական գործիչ, գրող, լրագրող: Ավարտել է ԵՊՀ (1980): 1972–74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1980–90-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսական) ամսագրի գրական աշխատող: 1990– 1992-ին՝ ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ:
Գործունեությունը
Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–92) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում: Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում: «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է: