Կենսագրությունը
ՍԻԱՄԱՆԹՈ [Յարճանյան Ատոմ Հովհաննեսի, 15.8.1878, Ակն (Խարբերդի նահանգ) – 1915, Մեծ եղեռնի զոհ], բանաստեղծ: Սովորել է Կոստանդնուպոլսի Գումգափուի Միրիճանյան դպրոցում, Սկյուտարի Պերպերյան վարժարանում: 1894– 96-ի հայկական ջարդերի պատճառով մեկնել է Կահիրե, 1897-ին՝ Ժնև, այնուհետև՝ Փարիզ. եղել է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր: Եվրոպայում սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության¦ և հայ ազգային կուսակցությունների հետ: Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորուած խաղաղութինը» (ավելի ուշ՝ «Մահուան տեսիլք»), որը հայտնի է նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898-ին՝ «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում, այնուհետև տպագրվել է «Անահիտ», «Բանբեր», «Ազատամարտ» և այլ պարբերականներում: Հայ երիտասարդությանն ուղղված պայքարի պատգամ էր 1902-ին լույս տեսած «Դիւցազնօրէն» ժողովածուն: «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր Ես, որի անունը Պայքար է, իսկ ավարտը՝ Հաղթանակ: «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք ջարդարարների կողմից բնաջնջման ենթարկվող հայ ժողովրդի ողբերգությունը, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն:
Գործունեությունը
Սիամանթոյի հետագա բանաստեղծական շարքերում ռոմանտիկական ոգևորությունը տեղի է տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր է եղել տառապանքի խոհական վերապրումներին: «Հոգեվարքի եւ յոյսի ջահեր» (1907) քնարական մատյանում բանաստեղծը, հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած, գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդը հարաբերում է իրադարձությունների ողբերգական ընթացքին: Ցավագին ու հակասական մտորումները հաջորդում են միմյանց, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն... »), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», «Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը կրկին ձեռքը մեկնում է մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»):
Տեսանյութերը

Մեր մեծերը – Սիամանթո ...

ՍԻԱՄԱՆԹՈ. ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ...

ՍԻԱՄԱՆԹՈ Ափ մը մոխիր՝ հայրենի տո...

ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ-ՍԻԱՄԱՆԹՈ. ,,ԱՂՈԹ...