haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ (ՇԱՀԱԶԻԶՅԱՆՑ)

Գրող , Հրապարակախոս , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 05/09/1840 - Մահացել է՝ 24/12/1907

Կենսագրությունը

ՇԱՀԱԶԻԶ (Շահազիզյանց, Շահազիզյան) Սմբատ Տեր-Սիմոնի (5.9.1840, Աշտարակ – 24.12. 1907, Մոսկվա, թաղված է հայոց գերեզմանատանը), բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս: Ե. Հ. Շահազիզի հորեղբայրը: Արևելյան լեզուների գիտությունների թեկնածու (1867): Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1860) և կից լիցեյը, 1873–97-ին՝ նույն ճեմարանի ուսուցիչ: 1861-ից աշխատակցել է  «Հյուսիսափայլ» ամսագրին: 1860-ին Մոսկվայում լույս է տեսել Շահազիզի  «Ազատութեան ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

«Լեւոնի վիշտը¦ (1865) ժողովածուն ամփոփում է համանուն պոեմը (հեղինակն անվանել է «Ժամանակակից վէպք») և բանաստեղծություններ, որոնցում բողոքում է սոցիալական ճնշման («Ազգային վիճակ»), բռնակալության դեմ («Բռնավոր սուլթան»), ձոներգում Զեյթունի հերոսամարտը («Եզվիտներ և Զեյթուն»), գովերգում հայրենի բնաշխարհը, հայրենիքը («Գիշեր»): Շահազիզի բանաստեղծություններից առավել հայտնին «Երազն» է, որը վերածվել է երգի: Շահազիզի գրակ-մանկավարժական գործունեության 30-ամյակի (1892) առթիվ արտասանած ճառերը, հոդվածներն ու նրա յոթ բանաստեղծությունը հրատարակվել են «Յոբելեանի տարեդարձ» (1893) ժողովածուում, որից ստացած գումարով Շահազիզը ստեղծել է «Աբովյան-Նազարյան» հիմնադրամը: 1898–99-ին Մոսկվայում կազմակերպել և գլխավորել է համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը: Շահազիզի գրական ժառանգության մեջ նշանակալի տեղ ունի հրապարակախոսությունը: Շահազիզը կարևորել է աշխարհաբարը («Հրապարակախօս ձայն», 1881), քննադատել ուսուցման և դաստիարակության հին համակարգը («Ամառնային նամակներ», 1897), դատապարտել ռուսական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, բռնակալությունը («Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով», 1901), եվրոպական և թուրքական քաղաքականությունը («Մի քանի խօսք իմ ընթերցողներին», 1903):

Երկ., Ե., 1961: Բանաստեղծություններ, Ե., 1980:
Չափածո երկեր. (Լիակտ. ժող.), Ե., 1993:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ