haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 1837 - Մահացել է՝ 23/03/1898

Կենսագրությունը

ՉՈՒԽԱՃՅԱՆ (Չուխաջյան, Չուհաճյան) Տիգրան Գևորգի (1837, Կոստանդնուպոլիս – 23.3.1898, Զմյուռնիա), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիրը: Չուխաճյանը նպաստել է Արևելքի և Արևմուտքի երաժշտարվեստների մերձեցմանը` եվրոպական դասական ձևերը ներհյուսելով արևելյան երաժշտության ելևէջային-կշռույթային ինքնատիպ կերտվածքի հետ: Չուխաճյանը աշակերտել է Գ. Երանյանին և պոլսաբնակ իտալացի մանկավարժ Չ. Մանձոնիին: Երիտասարդ տարիներին Չուխաճյանը կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ, գրել հայրենասիրական երգեր ներկայացումների համար, ղեկավարել Խասգյուղի թատրոնի երաժշտական մասը, մասնակցել «Քնար հայկական»  ընկերության աշխատանքներին: 1861–64-ին կատարելագործվել է Միլանում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1864-ից Կոստանդնուպոլսում Չուխաճյանը զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն գրել Արևելյան թատրոնի, Վարդովյան թատրոնի ներկայացումների համար (Պետրոս Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ. Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թ. Թերզյանի «Սանդուխտ», Ս. Թղլյանի «Մեծն Տրդատ» և այլն): Ուշագրավ են նրա ազատասիրական երգերն ու երաժշտությունը՝ գրված Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» դրամայի համար, որի կատարումը (1867) վերածվել է քաղաքական ցույցի: Չուխաճյանի «Արշակ Բ» (1868, լիբրետոն՝ Թ. Թերզյանի, հայերեն և իտալերեն) հայկական առաջին պատմառոմանտիկական օպերան է, որի հայոց պատմության IV դ. դրամատիկական դրվագներն արձագանքում էին ժամանակակից հայ իրականության ազգային և սոցիալական ազատագրության իղձերին: Կատարվել է օպերայի միայն նախերգանքը, բեմադրությունը հետաձգվել է Օսմանյան կայսրության վարած քաղաքականության պատճառով: 1870-ական թթ. Չուխաճյանը ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը. գրել է երաժշտական կատակերգություններ՝ քողարկելով սոցիալ-քաղաքական տարրերը, առաջին գիծ մղել կենցաղային պատկերներ, երգիծական, զավեշտային բեմավիճակներ, քնարական ապրումներ [«Արիֆի խարդախությունը» (1872), «Քեոսե Քեհյա» (1874), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1876) և այլն]: Ե.Մելիքյանի, Հ. Վարդովյանի և Ս. Պենկլյանի երաժշտաթատերական խմբերի համագործակցությամբ ստեղծված այդ ներկայացումներով (նախ՝ թուրքերեն) Չուխաճյանը հռչակվել է ողջ Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս. դրանք բեմադրվել նաև Եգիպտոսում, Անդրկովկասում, Հունաստանում և այլ երկրներում՝ թուրքերեն, հայերեն, հունարեն լեզուներով: 1880-ական թթ. վերջին Չուխաճյանը ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրված «Զեմիրե» օպերա- կախարդապատկերը (բեմ. Կոստանդնուպոլիս. 1891-ին` ֆրանսիական, 1894-ին` իտալական խմբերի կատարմամբ): 1896-ին Չուխաճյանը տեղափոխվել է Զմյուռնիա: Ըստ մամուլի՝ 1897-ին նա ավարտել է «Ինդիանա» օպերան ու սկսել երաժշտաթատերական նոր գործ, որն անավարտ է մնացել անժամանակ մահվան պատճառով: Չուխաճյանը հեղինակ է նաև սիմֆոնիկ, կամերագործիքային և վոկալ երկերի (այդ թվում՝ հայտնի «Գարուն» ռոմանսը): Չուխաճյանը նոր շրջանի հայկական երաժշտության մեծերից է, նրա հատկապես օպերային ստեղծագործությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր արևելյան արվեստի զարգացման համար:

Չուխաճյանի անունով է կոչվել Երևանի թիվ 7 երաժշտական դպրոցը (բակում կանգնեցվել է նաև հուշարձանը, 1970, քանդակագործ՝ Ա. Շահինյան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Չուխաջյան ֆեստը

Տիգրան Չուխաջյան. «Արշակ Երկրորդ...

«Արշակ Երկրորդ»

Օգտագործող Գաղտնաբառ