Կենսագրությունը
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի [5(18).9. 1908, Թիֆլիս – 12.8.1996, Երևան, թաղված է Բյուրականում], աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադ.: ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ: Հայաստանի ազգային հերոս (1994), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978): Հ. Ա. Համբարձումյանի որդին, Գ. Հ. Համբարձումյանի եղբայրը, Ռաֆայել և Ռուբեն Համբարձումյանների հայրը: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1928): 1931–43-ին աշխատել է նույն համալսարանում՝ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ (1939), աստղադիտարանի տնօրեն (1939), ուսումնական մասի պրոռեկտոր (1941): 1943-ից՝ ՀՀ ԳԱԱ հիմնադիրներից և առաջին փոխնախագահը: 1947–94-ին՝ ՀՀ ԳԱԱ (1994–96-ին՝ պատվավոր) նախագահ, 1946–88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988–96-ին՝ պատվավոր) տնօրեն: 1955–91-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ, 1994–96-ին՝ ՌԳԱ խորհրդական: Համբարձումյանը մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր և ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման, բարձրորակ կադրերի պատրաստման գործում:
Գործունեությունը
Համբարձումյանի աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին: Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակ. տեսությունը, որը հիմք է դարձել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար: Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթներից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ, որի հիման վրա գտել է աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները: Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները: Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են և քայքայման արագությունից ելնելով՝ կարելի է գնահատել դրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդներ կիրառելով՝ հիմնավորել է գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը: Ցույց է տվել, որ գալակտիկայում լույսի միջաստղային կլանումը հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրով (ինչպես ընդունված էր նախկինում), այլ համաչափության հարթության շուրջը կենտրոնացած բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ: Այդ ամպերի ուսումնասիրության համար Համբարձումյանը մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի յուրօրինակ ցրման տեսություն, որը հիմնված է իր իսկ առաջադրած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է հիմնախնդրի ճշգրիտ լուծումը (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946): Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց: Այդ սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումը: 1947-ին Հ. հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950, Բ. Մարգարյանի հետ), որոնց անվանել է աստղասփյուռներ: Հաստատել է աստղասփյուռների երիտասարդ լինելը, որն աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային հիմնախնդիրների լուծման հիմք է ծառայել: Ապացուցվել է, որ գալակտիկայում աստղառաջացումը ներկայումս շարունակվում է և ունի խմբակային բնույթ: Բացահայտել է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղն աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների: 1950-ական թթ. Համբարձումյանը հայտնագործել է Գալակտիկայի կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը: Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվել է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա: Ըստ այդ վարկածի՝ նախաստղերը փոքր չափերի մարմիններ են՝ օժտված մեծ խտությամբ, որոնք տրոհվելով սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին: 1995-ին աստղային համակարգերի դինամիկայի կառուցման շարքի համար արժանացել է ՌԴ Պետական մրցանակի: Նախաստղերի վարկածի կապակցությամբ Համբարձումյանը տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները: Կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հա-կադարձ խնդիրների լուծմամբ: Սանկտ Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա: Համբարձումյանը եղել է Հայկական հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից և առաջին գլխավոր խմբագիրը (1965–74), գիտախմբագրության խորհրդի նախագահ (1968–87, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988): ՀԽՍՀ (1947–51) և ԽՍՀՄ (1950–89) ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989–91), ԽՍՀՄ ԳԽ անդամ (1989–91): ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից), «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր (1964–87), ՀԽՍՀ ԳԱ խմբագրահրատարակչության (1947– 1956), ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության գծով միացյալ գիտական (1974–87) խորհուրդների, ԽՍՀՄ ԳԱ կոսմոգոնիայի հանձնաժողովի (1952– 1964), ՀԽՍՀ Պետական մրցանակների կոմիտեի գիտական և տեխնիկական գծով նախագահ (1970-ից): ԽՍՀՄ Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի գիտական և տեխ գծով (1947–72) անդամ: Միջազգային աստղագիտության միության անդամ (1948–96), փոխնախագահ (1948– 1955), նա-խագահ (1961–64), Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ (1968–72):
Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում:
Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով:
Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:
Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ:
Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:
Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն – նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է: /Հ. Մաթևոսյան/
Տեսանյութերը
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՆՃԱՐԱՎՈՐ ...
ՄԵՆՔ - Վիկտոր Համբարձումյան...
Վիկտոր Համբարձումյան...
Վիկտոր Համբարձումյան...
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Վիկտոր Համազասպի Համբարձումյան (կենսամատենագիտություն), Ե., 1958:
- Виктор Амазаспович Амбарцумян [биобиблиография], М., 1975;
- Мирзоян Л., Виктор Амбарцумян (жизнь и деятельность), Е., 1985.
- Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոց Երևանում
- Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոց Վանաձորում