haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Մաթեմատիկոս , Փիլիսոփա (Իմաստասեր) , Տոմարագետ , Աշխարհագետ , Աստղագետ

Ծնվել է՝ 605 թ. - Մահացել է՝ 685 թ.

Կենսագրությունը

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ, Շիրակավանցի (ծ. և մ. թթ. անհտ), VII դ. գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, տիեզերագետ: Ծնվել է Շիրակի Շիրակավան (Երազգավորս) կամ Անանիա (Անէանք) գյուղում, այլ կարծիքով՝ Անիում: Ուսանել է Դպրեվանքի դպրոցում, ապա 11 տարի ճանապարհորդել ու սովորել տարբեր երկրներում, որից 8-ը՝ տրապիզոնցի հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում: Վերադառնալով հայրենիք՝ ծավալել է գիտական գործունեություն՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարագիտության, աշխարհագրության և այլ գիտությունների բնագավառներում, զբաղվել է մանկավարժությամբ (բացել դպրոց, գրել դասագրքեր):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Անանիա  Շիրակացին մշակել է իր սեփական իմաստասիրական համակարգը: Աստղագիտական աշխատություններում քննել է Արեգակի, Երկրագնդի, Լուսնի, աստղերի և տիեզերական երևույթների հետ կապված հարցեր. նրան հայտնի են եղել Երկրի գնդաձևությունը, հակոտնյա աշխարհի գոյությունը, և որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը: Կռահել է Լուսնի սեփական լույսից զուրկ պինդ մարմին լինելը: Ճիշտ է բացատրել Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները, ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները: Համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա:

Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտական մի շարք գործնական կիրառություններ, կատարել է տոմարագիտական հաշվումներ և տվել է հայկական ու այլ օրացույցների որոշակի առնչություններ: Արժեքավոր է նրա հայկական աստղագիտական տերմինների մեկնաբանությունը:

Անանիա Շիրակացու մաթեմատիկական բովանդակությամբ աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ թվաբանության 4 գործողություններն ամփոփող աղյուսակով: Գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկային, օդերևութաբանությանը վերաբերող ուսումնասիրությունները:

Անանիա Շիրակացուն է վերագրվում «Աշխարհացոյցը», որտեղ կան արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ պատմական Հայաստանի ու նրա հարևան երկրների վերաբերյալ:

Անանիա  Շիրակացին կազմել է ձայնագիտության բնագավառում իր ժամանակի չափանիշով առաջավոր ուսմունք ներկայացնող «Տասնակարգյան աղյուսակի» հայկական տարբերակը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կազմությանը վերաբերող նոր գաղափարներով: Ըստ մի շարք աղբյուրների՝ հորինել է «քաղցրալուր» շարականներ:

Երկ. Մնացորդք բանից, ՍՊԲ, 1877:
Տիեզերագիտութիւն և տոմար, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1940:
Լուսնի տարբերաշրջանները, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1962:
Вопросы и решения..., изд. и пер. И. А. Орбели, П., 1918;
Космография, пер. с древнеарм., предис. и коммент. К. С. Тер-Давтяна и С. С. Аревшатяна, Е., 1962.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Տեսանյութերը

Անանիա Շիրակացի

Օգտագործող Գաղտնաբառ