haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Պատմաբան

Ծնվել է՝ «4_րդ դար» - Մահացել է՝ «5_րդ դար»

Կենսագրությունը

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հունարեն՝ բարի հրեշտակ, լրաբեր) (ծ. և մ.թթ. անհայտ), V դ. պատմիչ, հեղինակը հայ պատմագրության և եկեղեցական մատենագրության հնագույն՝ «Պատմություն Հայոց» երկի, որը միջնադարում միջազգային լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է: Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը: Սակայն քիչ հետո Ագաթանգեղոսը հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ): Ագաթանգեղոսի և նրա երկի ստեղծման շուրջ կան տարակարծություններ: Իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ.  1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

Ագաթանգեղոսի երկն ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի դեպքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից (ներառում է երկի շարադրման շարժառիթներն ու նպատակները) և երեք մասից: Առաջին («Սուրբ Գրիգորի վարքը և պատմությունը») մասում Ագաթանգեղոսը պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդ («Վարդապետություն Սուրբ Գրիգորի»)՝ ամենաընդարձակ մասը, ի տարբերություն մյուսների, մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Այն ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմնական դրվագներով, աստվածաբանական հարցերում՝ ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն է արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: Գրքի երրորդ («Հայաստան աշխարհիս փրկության դարձը») մասում Ագաթանգեղոսը հանգամանորեն պատմում է հին հայկական հեթանոսական տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին:

Ագաթանգեղոսն իր Պատմությունը երկասիրել է քրիստոնեական դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից՝ ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը: Որպես պատմության աղբյուր՝ այն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը: Ագաթանգեղոսն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմական աշխարհագրության, արքունիքի, պետական գործակալությունների, զինված ուժերի, նախարարական կարգի, հայոց հեթանոս կրոնի, երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին: «Պատմություն Հայոցը»  միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ՝ միջնադարի 9 լեզուներով: Առաջինը և ամենակարևորը հունարեն թարգմանությունն է (VI դ.), որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus VII, 25): Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն:

«Պատմություն Հայոց»-ի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս է տեսել Վենետիկում 1835-ին, իսկ քննական հրատարակությունը Թիֆլիսում՝ 1909-ին (աշխատասիրություն Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանի), աշխարհաբար լիակատար թարգմանությամբ (Ա. Տեր-Ղևոնդյան) տպագրվել է 1983-ին Երևանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հանրագիտարան. Ագաթանգեղոս...

Օգտագործող Գաղտնաբառ