Կենսագրությունը
ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, սուրբ Ներսես Շնորհալի, Երգեցող [մոտ 1100, Ծովք բերդ (Ծոփքի նահանգի Անձիտ գավառ) – 13.8.1173, Հռոմկլա], Ամենայն հայոց կաթողիկոս 1166-ից, բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ: Հաջորդել է ավագ եղբորը՝ Գրիգոր Գ Պահլավունուն: Կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն: Արձակից հայտնի է նրա «Թուղթ ընդհանրականը» (հրտ.՝ 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ներսես Շնորհալու չափածոն:
Գործունեությունը
Ներսես Շնորհալին զարգացրել է հայ չափածո խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, շարականին հաղորդել է քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Բարձր արվեստով են ստեղծված «Նորահրաշ պսակաւոր», «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթի՛ր փառք իմ» երգերն ու արևագալի շարականները: Ներսես Շնորհալուց պահպանվել են մանկավարժական բնույթի բանաստեղծություններ, ուղերձներ, խրատական ոտանավորներ ու պոեմներ («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Յաղագս երկնի ու զարդուց նորա»): Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ: Հայ վիպերգության և վիպաքնարական պոեմների նախօրինակներ են «Վիպասանութիւն... » (1121, հրտ.՝ 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ.՝ 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս Որդի» (1152, հրտ.՝ 1643) ստեղծագործությունները: «Յիսուս Որդի» վիպական ողբերգությունն առանձնանում է թե՛ բանաստեղծական մտքի թռիչքներով և թե՛ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով: Ներսես Շնորհալու համոզմամբ՝ ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն է, որը համախմբելու է ժողովրդին՝ կազմակերպելով նրա ինքնուրույն գոյատևումը: Քննելով հասարակական երևույթները՝ Ներսես Շնորհալին, ի տարբերություն իր շատ նախորդների ու ժամանակակիցների, մերժել է ճակատագրապաշտությունը: Ըստ նրա՝ մարդն օժտված է կամքի ու գործունեության ազատությամբ, որով որոշակիորեն ազդում է հասարակական կյանքի վրա: Անդրադառնալով հասարակության զարգացման հարցերին՝ Ներսես Շնորհալին նշել է, որ հինգ հիմնական դասերից (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ վաճառական, երկրագործ կամ հասարակ ժողովուրդ) յուրաքանչյուրը կոչված է որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում: Հետևաբար դրանք պետք է համագործակցեն միմյանց հետ՝ հանուն ազգի բարօրության: Նա փորձել է կայուն օրենքներով և արդարադատության սկզբունքով կարգավորել դասերի փոխհարաբերությունները: