haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 14_րդ դար - Մահացել է՝ 14_րդ դար

Կենսագրությունը

ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿ (ծ. և մ. թթ. անհտ), XIV դ. 1-ին կեսի մանրանկարիչ և գրիչ, կիլիկյան գրքարվեստի վարպետ, Կիլիկիայի մանրանկարչության խոշոր ներկայացուցիչ: Ապրել և ստեղծագործել է Սիսում, Սկևռայում, Դրազարկում, Կոպիտառում, Փոս անապատում: Իր վերջին՝ «Բժշկութեան Աւետարանը» (1353, Մատենադարան, ձեռ թիվ 6795) ընդօրինակել և ծաղկել է բավական ծեր տարիքում:

Ըստ ավանդության՝ պատանի Սարգիսը, լուսամուտին նստած, մի պիծակ է պատկերել, որին իրենց հյուրերը շփոթել են իրականի հետ (որտեղից էլ՝ Պիծակ անունը):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Շուրջ 40 ձեռագրերում Սարգիս Պիծակը պատկերել է ժամանակակիցների, պատմական անձնավորությունների: Հայտնի է երեք ինքնանկար: Մեծմասամբ ծաղկել է ավետարաններ, որոնց պատկերազարդման համակարգը կիլիկյան է: Շքեղ պատկերազարդված քառավետարանների տասը խորաններն ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին (2 էջ) և համաձայնության տասը կանոնները (8 էջ): Յուրաքանչյուր Ավետարանից առաջ մեկ էջով տրված են տերունական նկարներ, ավետարանչի պատկերը և հանդիպակաց տիտղոսաթերթը: Կան նաև գրաֆիկորեն ձևավորված ավետարաններ: Մյուս ձեռագրերը (Աստվածաշունչ, Անտիոքի օրինագիրք, Մանրուսում, Հայսմավուրք, Սաղմոսարան և այլն) ձևավորված են ուղղանկյուն գլխազարդով, լուսանցազարդերով:

«Ութ մանրանկարիչների Ավետարանը» (1320, Մատենադարան, ձեռ թիվ 7651) և «Բժշկութեան Աւետարանը» առատ են մանրանկարներով:

Վերջին գործը՝ Շարակնոցը (Նյու Յորքի հանրային գրադարան, Սպենսերի հավաքածու, ձեռ. թիվ 2), գրված է Կոստանդին Ե թագավորի (1365–73) պատվերով: Սարգիս Պիծակի 11-ական ձեռագիր պահվում են Երևանի, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարաններում, մյուսները՝ Փարիզում, Վենետիկում, Նյու Յորքում, Դուբլինում, Ստամբուլում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում (Անթիլիաս, Զմմառ) և այլուր: Սարգիս Պիծակի արվեստում երկրաչափականացված ոճը փոխարինվել է նրբագեղ արքունական մանրանկարչությամբ, որն սկզբնավորվել է XIII դ. և գերիշխել Կիլիկիայում XIV դ. սկզբին: Միաժամանակ Սարգիս Պիծակը դիմել է մինչկիլիկյան՝ գունագեղությամբ ու հարթապատկերային գծային մտածողությամբ հատկանշվող ժողովրդական ուղղության գրքարվեստին՝ ստեղծելով ինքնուրույն ոճ: Կենդանական և բուսական մոտիվները հեռացել են իրենց նախատիպերից, մարդկային ֆիգուրների ձևերն ու համաչափությունները «խախտվել» են՝ ձեռք բերելով պայման-խորհրդանշական բնույթ: Ձևավորման տարրերը տիպականացվել են և հետագայում դարձել հայերեն առաջին տպագիր գրքերի կլիշեների հիմքը:

Ի տարբերություն XIII դ. կիլիկյան մանրանկարչության՝ Սարգիս Պիծակի արվեստը հակված է դեպի հնամենի ձևերը. նրա հարթապատկերային ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի արվեստին, գործերին բնորոշ են վառ գույները, պարզ կերպավորումները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Տեսանյութերը

Սարգիս Պիծակ

Օգտագործող Գաղտնաբառ