ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
Փիլիսոփա (Իմաստասեր) , Եկեղեցական սպասավոր , Նկարիչ (Լուսանկարիչ)
Ծնվել է՝ 1346 - Մահացել է՝ 1409
Կենսագրությունը
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (աշխարհիկ անունը՝ Խութլուշահ) (1346, Թմուկ ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառ – 27.12.1409, Տաթևի վանք), աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ: Սովորել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն: Նրա կողմից ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, ուսուցչի մահից հետո (1386) գլխավորել Ապրակունյաց դպրոցը, ապա՝ Տաթևի համալսարանը (1390-ից մինչև մահը): Գրիգոր Տաթևացին ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և ուրիշներ: Օտար նվաճողներից խույս տալով՝ աշակերտների հետ դեգերել է Հայաստանով մեկ (Մեծոփավանք, Երևան, Սաղմոսավանք): Անհաշտ պայքար է մղել ունիթորության դեմ, պաշտպանել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց» (1397, հրտ.՝ 1729, հանրագիտական բնույթի երկ է, որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայություն, կրոնա-աստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան... » (Ձմերան հատոր, հրտ.՝ 1740, Ամարան հատոր, հրտ.՝ 1741), «Ոսկեփորիկ» (հրտ.՝ 1746), «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան» (հրտ.՝ 1793), «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» (Մատենադարան, ձեռ. դ 5674) երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ:
Գործունեությունը
Փիլիսոփայության հիմնական առարկան, ըստ Գրիգոր Տաթևացու, բնությունն է: Նա պաշտպանել է «երկակի ճշմարտության» սկզբունքը, սահմանազատել հավատի և գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները, դրան համապատասխան՝ ընդունել ճանաչողության «շնորհական» (աստվածային էության ճանաչում) և «բնական» (բնության ճա-նաչում) ձևերը: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից, ընդունել աստվածային արարչագործությունը: Որոշ գոյերի ոչնչացումը ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, և այս շրջապտույտի շնորհիվ հավերժ գոյություն ունեն Աստծու ստեղծած չորս տարրերը (հուր, օդ, ջուր, հող):
Տեսանյութերը

Քարոզ մահվան մասին. Սբ. Գրիգոր Տ...

Քարոզ Խոստովանության մասին. Սուր...

Սուրբ Գրիգոր Տաթևացի. Քարոզ Խաչի...

Սուրբ Գրիգոր Տաթևացի. Քարոզ Եկեղ...

Ամուսնության մասին.Սբ. Գր. Տաթևա...
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Թովմասյան Ն. Ռ., Գրիգոր Տաթևացու սոցիալ-տնտեսական հայացքները, Ե., 1966:
- Թահմիզյան Ն., Քննական տեսություն հայոց հին և միջնադարյան երաժշտության պատմության, ԼՀԳ, 1971, 2 թիվ 5:
- Հակոբյան Հ., Գրիգոր Տաթևացին արվեստի մասին, ՊԲՀ, թիվ 4, 1973:
- Аревшатян С.С., Философские взгляды Григора Татеваци, Е., 1957.