haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ

Գրող , Աշուղ , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1661 - Մահացել է՝ 1722

Կենսագրությունը

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ [1661, գ. Շոռոթ (Նախիջևանի գավառ) – 28.10.1722, գ. Շոռոթ], գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ: Հովնաթանյան ընտանիքի ներկայացուցիչ: Նախնական կրթությունը ստացել է հոր՝ Հովհաննես (Յոհան) քահանայի մոտ, ապա սովորել Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր (Մատենադարան, ձեռ. թիվ 3628): Ենթադրվում է, որ Ագուլիսում, Երնջակում, Շոռոթում որմնանկարել է եկեղեցիներ: Ավելի ուշ ստեղծագործել է հաստոցային ու մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում, ճանաչվել հմուտ նկարիչ և վաստակել նաղաշ (արաբերեն՝ զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Նաղաշ Հովնաթանի մասին միակ գրավոր աղբյուրը Նաղաշ Հակոբի «Ողբերգութիւն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ...□ ողբն է: Ն. Հ. 1679-ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան, նկարազարդել Ս. Պողոս-Պետրոս (պահպանված հատվածները՝ ՀՊՊԹ), Զորավոր (Անանիա Առաքյալի) և Կաթողիկե եկեղեցիները: Գրել է «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին» տաղը: XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին Թիֆլիսում ստեղծել է դիմանկարներ, սրբապատկերներ, եղել Քարթլիի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը. ձևավորել է նրա նորակառույց պալատը, գրել «Գովեմ սրտիվ ուրախական» երգը: Նաղաշ Հովնաթանը 1710-ական թթ. Էջմիածնում նկարազարդել է Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): Պահպանվել է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» որմնանկարից հատված (ՀԱՊ): Տաճարի բեմի եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերներն առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանումներով, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությամբ: Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումով է կատարված «Աստվածամայր□ սրբանկարը (Թեհրան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի): Տաճարի բուս. զարդանախշերն իրենց շքեղ ու գունագեղ հատվածներով (պահպանվել է գմբեթի հատվածը) երևույթ էին հայկական որմնանկարչական արվում:

Նաղաշ Հովնաթանը հայ կերպարվեստ է ներմուծել երևույթների աշխարհիկ ընկալումներ, կիրառել հաստոցային նկարչության սկզբունքներ:

Նաղաշ Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն: Նրա բանաստեղծությունների առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահվում են Երևանի (ձեռ. թիվ 3263, 4426) և Վիեննայի (ձեռ. թիվ 587, 647) մատենադարաններում: Նաղաշ Հովնաթանի բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: Սիրո և բնության երգերում վերարտադրել է մարդկային զգացմունքներն ու տրամադրությունները՝ հնարավորին չափով հեռու մնալով կրոնական կաշկանդումներից: Նաղաշ Հովնաթանի խնջույքի և ուրախության երգերի փիլիսոփայության ելակետն արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակերպից: Միաժամանակ քարոզել է ստեղծագործական աշխատանք, համերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ («Աստուած սիրէի, ում սրտում որ նախանձ կայ՝ հանի»): Զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի, ստեղծել է նաև երգիծանքի նմուշներ («Կատուն մեռաւ, ափսոս ու վա՜խ», «Ով ողորմելի խեղճ կանայք», «Գրէ եկին էշի քարւան»): Ունի նաև կրոնածիսական բնույթի տաղեր: Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, XVIII դ. հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը: Իր աշուղական խաղերում, ինչպես նաև երգիծակա ու խոհախրատական բանաստեղծություններում բողոքել է չարիքի, անարդարության դեմ, քննադատել իրականության հոռի կողմերը, դրվատել գիտությունն ու արվեստը: Նաղաշ Հովնաթանն օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով:

Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1951: Տաղեր, Ե., 1983:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ

Օգտագործող Գաղտնաբառ