haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 1726 - Մահացել է՝ 02/08/1809

Կենսագրությունը

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ [1726, Համադան (Իրան) – 2.8.1809, Կալկաթա (Հնդկաստան)], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ: 1744-ին ընտանիքով տեղափոխվել է Կալկաթա, 1751-ին մեկնել Անգլիա: 1757–58-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին: Հայկական անկախ պետության վերականգնման համար Անգլիայի աջակցությունն ստանալու ակնկալությամբ 1758-ին տեսակցել է Անգլիայի վարչապետ Ու. Պիտտի հետ, սակայն համոզվել է, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1759-ին Էմինը եկել է Հայաստան, 1760-ին եղել Էջմիածնում: 1761-ին մեկնել է Ս. Պետերբուրգ, կանցլեր Մ.Ի. Վորոնցովին և փոխկանցլեր Ա.Մ. Գոլիցինին շարադրել Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու իր ծրագիրը: 1763-ին Մ. Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի համաձայնությամբ սկսել է եվրոպական ռազմարվեստով վարժեցնել վրացական զորքը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Հովնան Մշեցու հետ: Վերջինս ապստամբություն էր նախապատրաստում Արևմտյան Հայաստանում և Հերակլին խնդրել է Հովսեփ  Էմինին վրացական ջոկատով ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից: 1764-ին Հերակլ II-ը Հովսեփ  Էմինին արտաքսել է Վրաստանից (հակաֆեոդալական հայացքների պատճառով):

Նրա ազատագրական ծրագրի մասին տեղեկացած Երևանի պարսից խանի վրեժխնդրությունից խուսափելու համար Սիմեոն Ա Երևանցին ևս մերժել է Հովսեփ  Էմինին: Երկու տարի ապրելով Հյուսիսային Կովկասի լեռնականների մոտ՝ Հովսեփ  Էմինը Վրաստանը և Ղարաբաղը զերծ է պահել նրանց ասպատակություններից: 1766-ին Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել: 1767-ին վերադարձել է Վրաստան, սակայն դարձյալ արտաքսվել է և մեկնել Հնդկաստան. 1773-ին սերտ հարաբերություններ է հաստատել Շ. Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը: 1777–83-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը: 1783-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:

1788-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792, 1918, անգլերեն, հայերեն թարգմանություն, 1958) ինքնակենսագրական երկը, որը հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր է:

Հովսեփ  Էմինը բուրժուադեմոկրատական լուսավորական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչն է հայ իրականության մեջ և մեծապես ազդել է հայ ազատագրական գաղափարաբանության վրա:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ