Կենսագրությունը
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Համազասպ Խաչատուրի [18.2.1906, գ. Չարդախլու (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում) – 1.11.1977, Մոսկվա, թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը], զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդ. Միության հերոս (26.4.1944): Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1929), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները (1942), ԳՇ ռազմական ակադեմիկոս (1948):
Գործունեությունը
Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին (1939–40): Հայրենական պատերազմի (1941–45) սկզբին եղել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը, 1941–42-ի ձմռանը մարտնչել Հարավ-արևմտյան. և Հարավային ռազմաճակատներում: 1942-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանային ռազմական գործողություններին, 1943-ի հուլիս–օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին: 1943-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցի գրավման գործում, 1944-ի հունվարին մասնակցել Պրոսկուրով–Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել այն: 1944-ի հուլիս–օգոստոսին, Լվով–Սանդոմիրի ռազմական գործողության ժամանակ, Բաբաջանյանի բրիգադը առաջապահների շարքում գետանցել է Վիսլան և հենակետ գրավել Սանդոմիրի մոտ: 1944-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիայի տանկային կորպուսի հրամանատար: 1945-ի սկզբին կորպուսը մասնակցել է (1-ին բելոռուսական ռազմաճակատում) Վիսլա–Օդերի ռազմական գործողությանը, մարտին (2-րդ բելոռուսական ռազմաճակատում) ջախջախել թշնամու Հյուսիսային Պոմերանիայի ուժերը և գրոհել Բեռլինը: Հետպատերազմյան տարիներին Բաբաջանյանը վարել է պատասխանատու պաշտոններ՝ բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959–67), զրահատանկային զորքերի ակադեմիաի պետ, խորհրդային բանակի տանկային զորքերի պետ (1969-ից): ԽՍՀՄ (1962–70), ՌԽՖՍՀ, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Գրել է ռազմահուշագրական գրքեր: Բաբաջանյանի անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ Մոսկվայում, Երևանում: