haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԱՅԱԹ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ) ՆՈՎԱ (ՍԱՅԱԴՅԱՆ)

Աշուղ

Ծնվել է՝ 14/06/1712 - Մահացել է՝ 22/09/1795

Կենսագրությունը

ՍԱՅԱԹ–ՆՈՎԱ (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս – 12.9.1795, Թիֆլիս), բանաստեղծ-աշուղ: Որպես երգիչ-երաժիշտ` ծառայել է Վրաց արքունիքում: 1768-ին ընդունել է կուսակրոնություն՝ գործելով մե՛րթ Հաղպատի վանքում, մե՛րթ Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցում: Ստեղծագործել է հայերեն, վրացերեն, թուրքերեն: Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, ավելի քան 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր: Երգերի մեծ մասի թեման սերն է, հեղինակել է նաև խոհախրատական և երգիծական բնույթի խաղեր: Երգերը թեև արտաքին կառուցվածքով աշուղական արևելյան են, սակայն բովանդակային խորքով, պատկերային համակարգով, իմաստի արտահայտման եղանակներով և գաղափարներով ավելի հարազատ են հայ ազգային մշակույթի ոգուն: Նրա եռալեզու ստեղծագործությունը խարսխված է հոգևոր-մշակութային հարուստ հիմքի վրա, որը ներառում է հայ բազմադարյան բանահյուսությունը, եկեղեցական գրականությունը, աշուղական բանարվեստը, ընդհանուր արևելյան բանահյուսությունն ու գրականությունը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բանաստեղծի մարդասիրությունն իր առավել վառ արտահայտությունն է գտել սիրերգերում («Աշխարհումս ախ չիմ քաշի... », «Մէ խօսկ ունիմ իլթիմազով... », «Առանց քիզ ի՞նչ կոնիմ... », «Մեջլումի պես կորավ յարս... »): Նա կատարելության է հասցրել կնոջ արտաքին և հոգևոր գեղեցկության գովքը, որն ի վերջո փառաբանություն և օրհներգ է՝ ուղղված մարդ արարածին, մարդկային գեղեցկությանը: Սայաթ-Նովայի սիրո ողբերգության հիմքն իշխող ընկերային և դասային անհավասարությունն է: Սայաթ-Նովայի խաղերը մեծ մասամբ հորինվել են որոշակի եղանակներով: Նա երգերից շատերի համար հորինել է նաև սեփական եղանակներ, որոնց հիմքում հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանաաշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողգործիքային նվագ). այդ երաժշտության հնչերանգները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը: Սայաթ-Նովայի աշուղական երաժշտաարվեստում որոշ տարրեր են ներառվել նաև Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որը միավորում էր մերձավոր արևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ: Այդ բոլոր տարրերը՝ աշուղի սեփական և ավանդական եղանակները, միաձուլվել ու վերարտադրվել են մեկ միասնական՝ իբրև սայաթնովյան ոճում: Երգերն ընդհանուր բնույթով աշուղական են, դրանցում օգտագործում են նաև երգային, այնպես էլ ասերգային հնարները: Բոլոր երգերը հուզառատ են: Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության:

Սայաթ-Նովայի երգերն ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները: Սայաթ-Նովան նաև առաջնակարգ երաժիշտ-կատարող է եղել. ունեցել է «քաղցր ձայն», երգեցողությունն ուղեկցել է սազի, թամբուրի, քամանչայի վարպետ նվագով: Սայաթ-Նովայի արվեստը մեծ դեր է կատարել Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա:

Սայաթ-Նովան ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդ չափերով:
 
Երկ. Սայեաթ-Նօվայ, աշխատասիր.` Գ. Ախվերդյանի, Մ., 1852: Հայերեն խաղերի լիակտ. ժող., Ե., 1931:
Երգեր, երաժշտ. ժող., կազմ.՝ Մ. Աղայան, Շ. Տալյան, Ե., 1946: Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժող., Ե., 1963: Խաղեր, կազմ.՝ Հ. Բախչինյան, Ե., 1987: 

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Սայաթ-Նովայի մասին.
«Սայաթ-Նովան մեծ է, որովհետև ավելին է, քան բանաստեղծ ու երգիչ: Նա հայ ժողովրդի հարազատ զավակն է սկզբից մինչև վերջ, իր էության բոլոր մասնիկներով: Նրա երգը մշտապես սնվել է իր ժողովրդի անսպառ աղբյուրից և ստացել կենդանի գույն ու երանգ, ուստի և հավիտենական կյանք: Սայաթ-Նովայի երգը հարազատ հողի ուժն ու բուրմունքն ունի և դա է նրա մեծության ու անմահության գաղտնիքը: Երգելով մի քանի լեզվով` Սայաթ-Նովան հայ էր մնում»: /Մ. Սարյան/

Նկարները
Տեսանյութերը

«Սայաթ-Նովա» գեղ. ֆիլմ...

Սայաթ-Նովա, «Դուն էն հուրին իս»...

Գոհար Գասպարյան Սայաթ Նովա...

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ ԱՇԽԱՐՀՍ ՄԵ ՓԱՆՋԱՐԱ Է...

Հայադարան - Սայաթ Նովա...

Օգտագործող Գաղտնաբառ