haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳԱՌՆԻԿ (ԳԱՌԶՈՒ) ԶՈՒԼՈՒՄՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 01/01/1907 - Մահացել է՝ 12/08/2000

Կենսագրությունը

ԳԱՌԶՈՒ (Զուլումյան Գառնիկ Հարությունի, 1.1. 1907, Հալեպ – 22.8.2000, Փարիզ), նկարիչ: Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1979): Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում, ավարտել Փարիզի ճարտարապետական դպրոցը (1929), հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»: 1929-ին ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում Գառզուի «Ալքազարի հին պարտեզները» նկարն արժանացել է 1-ին մրցանակի: 1930-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին, 1930–40-ական թթ՝. «Գերանկախների», «Անկախների», «Աշնանային» սալոններին, հետևել արվեստի նորագույն միտումներին, ստեղծել առանձնահատուկ կերպարայնությամբ ու ինքնատիպ ոճով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»: 

Գործունեությունը

Գարզուն մեծ համբավի է արժանացել հատկապես 1950-ական թթ., երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերազմական տրամադրությունները խորհըրդանշող պատկերները: Գարզուի գործերում իրականությունն ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի, տեսիլաշխարհների: Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց («Երազների ծովախորշը», 1951, «Երկաթգծեր», 1958 և այլն): Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտայինի զգացման անմեկնելի մթնոլորտ: Այս առումով առավել հատկանշական են Գառզուի «Վենետիկ»(1953), «Հայտնություն» (1956), «Ապոկալիպսիս» (1957), «Երկրային դրախտ» (1959) նկարաշարերը, «Լքված նավահանգիստը» (1966) վիմագրությունը, «Քաղաքը» (1972) խորհրդանշական պատկերը և այլն:

Հռչակվել է նաև իբրև իր ոճն ունեցող բեմանկարիչ: Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում և Գրանդ օպերայում (1953, «Ժիզել» բալետը և այլն): Պատկերազարդել է Ա. Մորուայի, Է. Հեմինգուեյի, Ա. Քամյուի և այլոց գրքերից, զբաղվել խեցեգործությամբ: Անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում (1939-ից՝ բազմիցս), Ժնևում (1951), Բրյուսելում (1953), Լոնդոնում (1954), Նյու Յորքում (1959), Ֆրանկֆուրտում (1966), Երևանում (1966, 1978, 1981, 1997), Մոսկվայում (1984) և այլուր: Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան (1956), Արվեստի և գրականության ասպետի տիտղոս (1958), Հալմարկի (1943, 1951, 1953), «Իլ դը Ֆրանս» (1954), Տոկիոյի միջազգային բիենալեի Մեծ (1955), ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան (1981) մրցանակներ: 1986-ին Վանսում (Ֆրանսիա) բացվել է Գառզուի թանգարանը: Գառզուի անունով է կոչվել Չարենցավանի մանկական գեղեցիկ արվեստի դպրոցը (1995):

Գառզուն ՀԱՊ-ին և ԺԱԹ-ին է նվիրել 400 գործ, Սպիտակի երկրաշարժից (1988) տուժած արվեստագետներին իբրև օգնություն՝ 50 գրաֆիկական գործեր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Տեսանյութերը

Գառնիկ Զուլումյան - ԳԱՌԶՈՒ...

Օգտագործող Գաղտնաբառ