Կենսագրությունը
ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի [1866, գ. Իգդիր-Մավա (Սուրմալուի գավառ) – 20.3.1948, Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը], հասարակական, քաղաքական գործիչ, գրող: Վ.Ա. Ահարոնյանի հայրը: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը (1901), Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները: Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայազետի ծխական դպրոցներում):
Գործունեությունը
Ահարոնյանն աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի: 1902-ին մասնակցել է համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմանյան ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների համագումարին: Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի խաղաղության խորհրդաժողովում (1907), ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիրը: 1907-09-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն: 1909-11-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», այնուհետև մեկնել է արտա-սահման: 1917-ին վերադառնալով Թիֆլիս՝ ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին՝ ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: Եղել է ՀՀ պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-1920): Ահարոնյանը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-23) խորհրդաժողովներին, մեծ ջանքեր է գործադրել ի նպաստ Հայ դատի («Սարդարապատից մինչև Սևր և Լոզան»,1943): Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը՝ հեռացել է ակտիվ քաղաքական գործունեությունից: Ահարոնյանի գործերը («Ազատության ճանապարհին», 1926 և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն:
Տեսանյութերը

Աւետիս Ահարոնեանի խօսքը իր Սիրել...

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Ավետիս Ահարոնյան...