haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏՈՐՔ ԱՆԳԵՂ

Հեթանոս Աստված

Կենսագրությունը

Տորք Անգեղը հայոց պատմության մեջ հայտնի է ոչ այնքան դիցաբանական, որքան պատմական կերպար: Նա իր առասպելներով մի տեսակ պատմականացել ու մարդկանց երևակայության մեջ է մտել իբրև իրական հերոս: Բանահյուսությունների և էպոսների հերոսներն իրենց ծագումը սկսում են վաղնջական ժամանակներից և զարմանալի չե, որ հազարամյակների ընթացքում կարող են փոփոխվել նրանց անվան որոշ տարրեր, կորցնել նախնական իմաստը և ենթարկվել ժողովրդական ստուգաբանության: Այդ ճակատագրից չի խուսափել հին հայկական դիցաբանության հերոս Տորք Անգեղը: Ըստ դիցաբանության՝ Տորք Անգեղը աստված է, Հայկի ծոռը: Սակայն ըստ ուսումնասիրողների, Տորք Անգեղի պաշտամունքը կազմավորվել է առավել վաղ շրջանի երկու աստվածության՝ Անգեղի և Տարքուի միաձուլման հետևանքով: Տարքուն խեթական պանթեոնի աստվածներից մեկն էր, որն իր գործառույթներով նման էր խուրիական ամպրոպի աստված Թեշուբին, և նաև պտղաբերության աստծո որոշ գործառույթներ ուներ: Նրա պաշտամունքն, հավանաբար, տարածված էր նաև Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածներում, որոնք սահմանակից էին խեթական տերությանը և որտեղ հետագայում ձևավորվելու էր Տորք Անգեղի պաշտամունքը: Անգեղ աստծո պաշտամունքը տարածված է եղել Վանա լճի շրջակայքում, հետագայում այն արտացոլվել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի «Անգեղ տուն» գավառի անվան մեջ: Այնտեղ գլխավոր բերդը Անգեղը կամ Անգղն էր, որը և հանդիսանում էր Անգղյան նախարարների ոստանը: Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաքքադական անդրաշխարհի աստված Ներգալի անունը փոխարինված է Անգեղով, ինչը վկայում է Տորք Անգեղի՝ անդրաշխարհի հետ ունեցած կապի մասին: Բացի այդ, Տորքի պաշտամունքը տարածված է եղել Տիգրիսի ակունքների շրջանում, իսկ այդ տարածքները ընկալվել են որպես մուտք դեպի անդրաշխարհ: Անգղի հետ զուգակցումը թույլ է տալիս ենթադրել, որ Տորք Անգեղն ամենայն հավանականությամբ նաև կապ է ունեցել հին հայերի տոտեմիստական պատկերացումների հետ: Հետագայում Տարքուն վերաճել է Տուրքի կամ Տորքի (ընծա): Տուրքը նույնացվել է Անգեղի հետ կամ ընկալվել որպես նրա հետնորդ, ըստ անվան մի ձևի՝ «Տուրք Անգեղեայ»` «Տուրքի ընծա»: Ավելի ուշ շրջանում «Անգեղեայ» անվանումը վերաիմաստավորվել է որպես «տգեղ»: Այս պատկերացումներն էլ հիմք են հանդիսացել Մովսես Խորենացու՝ Տորք Անգեղին տված նկարագրության համար. «Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առավել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից, և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն… Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր. և քերել եղնգամքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամք իւրովք արծուիս և այլս այսպիսիս: Եւ յեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց` դիմէ ի վերայ. և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա` առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի. և ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաիսն բազում մղոնս»:

Գործունեությունը

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում: Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում: Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն: Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ոչ թուր և ոչ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա, թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ. - Ասա՛ ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչու՞ են խոնավ աչքերդ անհուն: - Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ: - Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը: Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց. - Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

- Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

- Սպասի՜ր, Հայկանուշ,- ասաց հսկաների նահապետը,- նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ

աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

- Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց... սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին...

Մի անգամ Պոնտոս ծովի ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը: Արձանի պատվիրատուն Երևանի Խորհրդային շրջանի գործկոմն էր: Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Խորհրդային շրջանի գործկոմում պաշտոնատար անձանց փոփոխության պատճառով լճի կառուցման նախագիծը չիրագործվեց, իսկ արձանի բացման հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ:

Նկարները
Տեսանյութերը

Տորք Անգեղ

Օգտագործող Գաղտնաբառ