haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է՝ 05/12/1881 - Մահացել է՝ 28/12/1948

Կենսագրությունը

ԳՅՈՒՐՋՅԱՆ Հակոբ Մարգարի [5(17).12. 1881, Շուշի – 28.12.1948, Փարիզ], քանդակագործ: Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալիստական ուսումնարաններում, Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1907–10), հաճախել Օ. Ռոդենի արվեստանոցը: 1908-ից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Փարիզում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ստեղծել է ռեալիստական դիմաքանդակներ և պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ՝ «Վար» (բրոնզ, 1910), «Հայ գեղջկուհիներ» (գիպս, 1910) բարձրաքանդակները, Ա. Չոպանյանի (գիպս, 1911), Մ. Գորկու (բրոնզ, 1912, 1914), Անդրանիկի (գիպս, 1916, չի պահպանվել), Ա. Շիրվանզադեի (բրոնզ, 1916, 1945) դիմաքանդակները, «Գաղթ» (գիպս, 1912) կոմպոզիցիան, «Քնած դևը» (գիպս, 1912), «Մահացող Քրիստոսը» (կրաքար, 1914), Լ. Տոլստոյի (1913–14, մարմար, Փարիզ, տեղադրվել է 1955-ին), Վ. Տերյանի (գիպս, 1920, ՀՀ ԳԱԹ), Ա. Լունաչարսկու (գիպս, 1920, Լունաչարսկու տուն-թանգարան) կիսանդրիները և այլն: Հատկապես դիմաքանդակների մեջ Գյուրջյանը կարևորել է նյութի մշակման բազմազանությունը, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասել կերպարի բազմակողմանի բացահայտման [«Լեդա», գիպս, 1922, «Հաղթանակ», բրոնզ, 1923, «Կլեոպատրա», թրծակավ, 1924, «Սալոմե», բրոնզ, 1925–26, «Պատանեկություն» («Զարթոնք□), գրանիտ, 1934, «Կարիատիդ», կրաքար, 1935, «Երիտասարդություն» («Մարմին»), գրանիտ, 1939 և այլն]: Գյուրջյանը վարպետորեն է արտահայտել մոդելի պլաստիկ և տիպիկ գծերը՝ ինքնատիպորեն միահյուսելով Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստի լավագույն ավանդույթները: Գյուրջյանի գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Անտվերպենում,  Բրյուսելում և այլուր:

Անհատական ցուցահանդեսներ՝ Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952):

1958-ին Գյուրջյանի այրին Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963-ին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հակոբ Գյուրջյան

Օգտագործող Գաղտնաբառ