haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է՝ 17/09/1908 - Մահացել է՝ 1973

Կենսագրությունը

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ռաֆայել Սարգսի [4(17).9. 1908, Թիֆլիս – 8.9.1973, Երևան], ճարտարապետ: Ճարտարապետության թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970): Ա.Ռ. և Վ.Ռ. Իսրայելյանների հայրը: Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1926–28), ավարտել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1934): 1936-ից աշխատել է Երևանի նախագծային հիմնարկներում, 1951–73-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար: 1941–63-ին՝ ԵՊԻ դասախոս:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Իսրայեյանը նախագծել է 100-ից ավելի կառույցներ՝ զարգացման նոր բնագծեր դուրս բերելով Ա. Թամանյանի հիմնադրած հայկական ճարտարապետության ազգային դպրոցը: 1938-ին Գ.Բ. Քոչարի հետ սկսել և 1945–63-ին ավարտել է «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքի շինարարությունը, որը ամբողջացրել ու լրացրել է Հրազդանի կիրճը զարդարող ջրանցույցով (1949–50): Հաղթանակի մոնումենտով (1950, քանդ.՝ Ս. Մերկուրով, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951, «Մայր Հայաստան» արձանը, 1967, քանդակագործ՝ Ա. Հարությունյան) Իսրայելյանը սկզբնավորել է իր ժողովրդի հերոսական ոգին մարմնավորող հուշարձանները՝ Սարդարապատի հուշահամալիրը (1968, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան և ուրիշներ)՝ պայքարի կոչող զանգաշտարակով, քարե 2 հսկայական թևավոր ցուլերով, «Հաղթանակ» և «Վերածնունդ» թեմատիկ պատկերաքանդակներով Հաղթանակի պատով, հզոր մարտիկների պես շարված 5 խոշոր քարե արծիվներով, «Վարդավառ» սեղանատնով (1970), արևելքում՝ հայ ազգագրական մշակույթի ՀԱՊԹ-ի «հազարաշեն» քարե գմբեթներով շենքով (1974–77, հետմահու՝ 1981-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ), 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի (1965, Էջմիածին, Մայր տաճարի բակ), Հաճնի հերոսական պաշտպանության (1974, Նոր Հաճն), Մուսա լեռան հերոսամարտի (1976, Մուսալեռ ավան) հուշարձանները, Ապարանի հուշակոթողը («Վերածնունդ», 1979): Իսրայելյանի նախագծերով կառուցվել են բնակելի տներ Երևանի Բագրա-տունյաց (1954) և Մաշտոցի (1956) պողոտաներում, Երևանի «Արագիլ» (1960), Հրազդանի «Ծովինար» (1960), Վանաձորի «Կարս» (1965) ռեստորանները, պատմական հուշարձանների ուղենշան-կոթողներ՝ «Զվարթնոց» (1957, քանդ.՝ Ե. Քոչար), «Գեղարդ» (1958, քանդ.՝ Ա. Հարությունյան), Ամենայն հայոց կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը Բյուրականում (1971), Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը (1964–66, քանդ.՝ Ա. Հարությունյան), մի շարք աղբյուր-հուշարձաններ (1943–72), «Չարենցի կամարը» (1957) Գառնիի ճանապարհին: Նախագծել է Երևանի Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցումը (ավարտվել է 1976-ին): Լույս է տեսել Իսրայելյանի «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» (1982) գիրքը: Իսրայելյանի գործերին հատուկ են կոմպոզիցիոն բազմազանությունը, ձևերի և մանրամասերի գեղարվեստական մշակումը, բարձր ճաշակը և նորարարական շունչը: Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1947, 1-ին մրցանակ), խորհրդային ճարտարապետության նվաճումների 1976–80-ի համամիութենական ստուգատեսների դափնեկիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ռաֆայել Իսրայելյան...

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ. Ռաֆայել Իսրայելյան...

Օգտագործող Գաղտնաբառ