Կենսագրությունը
ՀԱԼԱԲՅԱՆ Կարո Սիմոնի [14(26).7.1897, Ելիզավետպոլ (Գանձակ) – 5.1.1959, Մոսկվա], ճարտարապետ: Ճարտարապետության դոկտոր (1948), ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս (1939–59), փոխնախագահ (1949–53): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1917), Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը (1929): 1920– 1923-ին աշխատել է «Հայկավռոստա»-ում և ՀԿԿ կենտկոմում:
Գործունեությունը
1929–31-ին Հալաբյանը ղեկավարել է Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը՝ Պետնախագիծ ինստիտուտը, ճարտարապետներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի հետ ծավալել Հայաստանի բնակավայրերի հատակագծման, կառուցապատման լայնածավալ աշխատանք, նախագծել Կառուցողների ակումբը (այժմ՝ Ռուսական թատրոնի և ՀՀ Օլիմպիական կոմիտեի շենքերը, 1928–29), Երկրաբանական վարչության շենքը (1929–30), Երևանի ջրէկ-ի բնակելի «շախմատաձև» տունը (1930–32), Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) գլխավոր հատակագիծը (1930) և այլն: 1932-ից Հալաբյանն ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նշանավոր կառույցներից են հնգաթև աստղի ձևով Մոսկվայում կառուցված խորհրդային բանակի թատրոնը (1934–40), Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարը (1939), որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման, ՀԽՍՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939 և 1954, Ս. Սաֆարյանի հետ): Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին Հալաբյանը գլխավորել է ճարտա րապետական ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը՝ նախագծելով երկրի կարևորագույն արդ. պաշտպանության կառույցների քողարկումը: