haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

Փիլիսոփա (Իմաստասեր)

Ծնվել է՝ 990 - Մահացել է՝ 1058

Կենսագրությունը

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990–1058, թաղվել է Դարոյնք գավառում), փիլիսոփա, մանկավարժ, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ: Սպարապետ Վասակ Պահլավունու որդին: Կրթությունն ստացել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կ. Պոլսում: Հորեղբոր՝ Վահրամ Պահլավունու և նրա կուսակիցների հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին մասնակցել է Կ. Պոլսում Կոստանդին կայսեր հետ Գագիկ Բ-ի վարած բանակցություններին: Կանխազգալով հայկական թագավորության անկումը՝ իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային, փոխարենը կալվածքներ ստացել Հարավային Հայաստանում և Միջագետքում: Բյուզանդական կայսրը նրան շնորհել է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակել Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին ծավալել է եկեղեցաշինարարական գործունեություն (Բջնիի Ս. Աստվածածինը, Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչը, Հավուց թառի Ս. Ամենափրկիչը և այլն): Ճնշել է Թոնդրակյան շարժումը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են իր բազմաթիվ նամակներում («Թղթեր», հրտ.՝ 1910, Ալեքսանդրապոլ): Նամականին ժամանակաշրջանի գիտամշակութական և ուսումնակրթական միտումներն ու ոգին բնութագրող կարևոր հուշարձան է, որում արծարծված են գիտական, գրական և քաղաքական կարևոր հարցեր: Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը [հրտ.՝ Խաչերյան Լ., «Գրիգոր Պահլաւունի Մագիստրոս (985–1058 թթ.) » գրքում, 1987], չափածո ստեղծագործություններ (հրտ.՝ «Տաղասացութիւն», 1746), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչէ» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ վերապատումը: Թարգմանել է հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների□ մի հատվածի թարգմանությունը: Իր հիմնադրած ճեմարանում դասավանդել է ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն: Պաշտպանել է կրթության վերաբերյալ ազատամտական և լուսավորչական գաղափարներ, վերակենդանացրել հետաքրքրությունը աշխարհիկ գիտությունների հանդեպ: Ըստ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցումով, ապա ուսումնասիրել դիցաբանություն, գեղեցիկ հատվածներ սերտել «հոմերական և պղատոնական» երկերից, որոնք կնախապատրաստեն «յոթ ազատ արվեստների»՝ քերականության, ճարտասանության, տրամաբանության, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության, երաժշտության ուսումնասիրությանն անցնելուն:

Հայ փիլիսոփայական մտքի զարգացման շուրջ երկուհարյուրամյա դադարից հետո նա վերակենդանացրել է աշխարհիկ փիլիսոփայական և գիտական միտքը, հայ աշխարհիկ փիլիսոփայության զարգացման նոր ուղի բացել: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին հրապուրվել է Պլատոնի և Դավիթ Անհաղթի գաղափարներով: Զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը՝ նա հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը: Ըստ նրա՝ ճանաչողության առաջին և անհրաժեշտ աստիճանը զգայական ընկալումն է, որին գիտությունների համակարգում համապատասխանում են ճշգրիտ գիտությունները: Սակայն էականն ու որոշիչը բանական ճանաչողությունն է, որը, հենվելով զգայական ընկալումների վրա, ստուգում է իրի և մտքի համապատասխանությունը. վերացական, փորձից առաջ և անկախ ստեղծված գաղափարները ոչ թե վերագրվում են իրական աշխարհին, այլ քննության են ենթարկվում և միայն «ըմբռնվելով» կարող են համարվել ստուգապես ճանաչված գոյեր: Բանական ճանաչողությունը նախապատրաստում է մարդկային միտքը գերագույն գոյի ճանաչման համար: Նա ընդունել է Աստծու գոյության տիեզերաբանական ապացույցը. բնության, որպես Աստծու ստեղծագործության, ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը:

Նամակներում ուշագրավ մտքեր կան նաև կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության և այլնի վերաբերյալ:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին հայտնի է նաև որպես տաղասաց և շարականագիր, նրա հոգևոր երգերը եկեղեցին կանոնացրել է և ներմուծել Շարակնոց:

Երկ. Տաղասացութիւնք Գրիգորի Մագիստրոսի Պահլավունւոյ, Վենետիկ, 1868:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ